Ինչո՞ւ նույն հիմքով քննություն չի սկսվում Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և մյուսների նկատմամբ

Վստահաբար` հանրային ընկալման մեջ Գագիկ Ծառուկյանի և մյուս խոշոր սեփականատերերի միջև վերը նշված զուգահեռն էլ ավելի կբարձրացնի ԲՀԿ ղեկավարի վարկանիշը. Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկատիրական և քաղաքական գործունեությունը համատեղելու հիմքով քրեական հետապնդումը, ըստ էության, հեռանկար չունի։ Դա, ավելի շուտ, կդիտվի որպես թիրախավորված քաղաքական հետապնդում, ուրիշ ոչինչ։ Հակառակ դեպքում հետապնդում իրականացնող մարմինը պետք է բացատրություն տա, թե ինչու նույն հիմքով քննություն չի սկսում, ասենք, նախորդ գումարումների Ազգային ժողովում ներկայացված մի քանի խոշոր գործարարների, օրինակ, նույն Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և մյուսների նկատմամբ, ովքեր արդեն ձերբազատված իրենց մանդատներից, անարգել շարունակում են իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։ Ակնհայտ է, որ Ծառուկյանը «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի (Պատգամավորի մանդատի անհամատեղելիությունը) հետ խնդիրներ չունի, քանզի նա իր ակտիվներն անձամբ չի կառավարում։ Խնդիրն ավելի շուտ նշված օրենքի 3-րդ հոդվածի հետ է կապված, և առնչվում է պատգամավորական էթիկայի կանոններին։ Բայց դա արդեն բոլորովին այլ հարթության վրա դիտարկվելիք խնդիր է։ Վստահաբար` հանրային ընկալման մեջ Գագիկ Ծառուկյանի և մյուս խոշոր սեփականատերերի միջև վերը նշված զուգահեռն էլ ավելի կբարձրացնի ԲՀԿ ղեկավարի վարկանիշը, թեև, ամենայն հավանականությամբ, վերջինիս նկատմամբ հետապնդում հարուցողները բոլորովին այլ արդյունք են ակնկալում»։