Խճճված իրավիճակ․Մոսկվայի արձագանքին սպասելիս

Իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը

Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները լայն արձագանք են ստացել ոչ միայն տեղական, այլև միջազգային ԶԼՄ-ներում, հասարակական եւ քաղաքական կառույցներում: Բայց հետաքրքրական է, որ նրանք ոչ միարժեք են արձագանքում դատական իշխանության դեմ Փփաշինյանի նախաձեռնած գործընթացին:

Եվ այսպես՝ ԱՄՆ-ը քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինելու դատական բարեփոխումներին երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինելու դատական բարեփոխումներին երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- հայտնել են դեսպանատնից:

Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ վարչապետը նշել է, մեզ համար շատ պարզ է: Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այսօր Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այսպես կոչված ալբանական մոդելը, և այսօր այդ վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»,- նշել է Սվիտալսկին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն էլ է անդրադարձել Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին: Ի տարբերություն նախորդների, կառույցը եւ դատապարտել է գործընթացը եւ ողջունել: Այո, թող տարօրինակ չթվա, բայց այս արձագանքերից հստակ չի հասկացվում ինչն են ողջունում, ինչը քննադատում: Այնպես որ կարծում ենք չարժե որեւէ բան ակնկալել նրանցից, առավել եւս այդ արձագանքերը դարձնել չափանիշ:
ԵԽԽՎ-ի Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել:
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և որ հետևաբար՝ օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,-ասել են համազեկուցողները՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:
Միևնույն ժամանակ նրանք շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի՝ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը: Քար լռություն է Ռուսաստանի կողմից: Եթե ռուսական մամուլը գոհունակությամբ ընդունեց երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, ապա այս հարցում խորհրդավոր լռություն են պահպանում: Հանուն արդարության, դժվար է նման դեպքում գնահատել՝ լռելն է ճիշտ, թե մի այնպիսի գլուխկոտրուկ, լղոզված հայտարարություն տարածելը, որից չհասկացվի բուն ասելիքը, գրում է hayeli.am: