Աֆղանստանում թալիբները կրկին գրոհել են

Կան տասնյակ զոհեր

Աֆղանստանի Բադղիս նահանգ է ներխուժել մի քանի հարյուր գրոհային, ինչի հետևանքով Աֆղանստանի կառավարական ուժերը կորցրել են տասնյակ զինվորներ, գրում է Bloomberg-ը:

«Առնվազն 50 աֆղան զինվորական է սպանվել կամ վիրավորվել Թուրքմենստանի հետ սահմանակից հյուսիսային նահանգում տեղի ունեցող մարտերի ժամանակ, այն բանից հետո, երբ նահանգ է ներխուժել 500 գրոհային»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները գրավել են Բալա Մուրգաբ շրջանում գտնվող մի քանի դիտակետ:

Ռազմական գործողություններն ինտենսիվ փուլում են, թալիբների դեմ կիրառվում են ավիահարվածներ: Աֆղանստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է բախումների վայր` զինվորներին աջակցելու համար:

«Թալիբան» արմատական շարժումը գրոհներ է իրականացնում նույնիսկ այն ժամանակ, երբ կառավարությունը շարունակում է գորածակցությունն ԱՄՆ-ի հետ՝ 18 տարվա վաղեմության հակամարտությունը կարգավորելու նպատակով: