Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այդ մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ չմոռանալով մինչև լավ լուրը հայտնելը ձեռքը սեղանին խփել` «թու-թու»: Նա նշեց, որ ապրիլ-մայիս ամիսների տեղումների քանակն ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում, գետերի ելքերը մեծանալու են և 90-120 տոկոս ջրառատ կլինեն, թեև միայն երեք-չորս օր առաջ կարող են ասել` վարարում կլինի, թե ոչ:
«Սևանա լիճն այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, և դա նորմալ երևույթ է, քանի պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր, և հալք է եղել, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավարպես կբարձանա ջրառից առաջ՝ մինչև հունիս»,- հայտնեց Ֆելիքս Ցոլակյանը:
Վարչապետին զարմացրեց այս տեղեկությունը, նա կրկնեց, թե արդյոք երկու ամսվա մեջ ջրի մակարդակը 45 սմ կարող է բարձրանալ և ստացավ նույն պատասխանը, իսկ Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց. «Տարվա վերջին Սևանա լճի մակարդակը՝ 5-10 սմ ավելի կլինի»,-ասաց նա:
Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին` նա նշեց, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95 տոկոս լցվածություն: «2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաև ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով, այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90 տոկոս»,- հայտարարեց նա: Չնայած դրան` նախարարը նշեց, որ ջրամբարների պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի, իսկ վարչապետը նշեց, որ այդ հարցը քննարկման տիրույթում է:
Ամփոփելով` վարչապետը նշեց, որ այս տարի մեր գյուղատնտեսության համար 99 տոկոսով բարենպաստ տարի է սպասվում և ավելացրեց, որ կառավարության օրակարգը հագեցած է գյուղատնտեսական գործունեությունը խթանող նախագծերով:
Տարածային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ երեկ ներկա է գտնվել Կեչուտի և Արփա-Սևան թունելի միջով ջրի տեղափոխման աշխատանքի մեկնարկին, ինչը թույլ կտա տասն օրվա ընթացքում համապատասխան ջրի առկայության պարագայում մեկ սանտիմետրով բարձրացնել Սևանի մակարդակը, սակայն, ըստ նրա, այդքան ջուր չեն ունենա:
0Comments