ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույն շարքին է դասել Հիտլերին, Ստալինին և «Իսլամական պետություն» խմբավորմանը

Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքի անդամ երկրներն ավելի շատ միջոցներ պետք է տրամադրեն պաշտպանությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկ հարթության վրա է դրել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ստոլտենբերգը նման հայտարարությամբ է հանդես եկել ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ: 

«Ազատությունը թշնամիներ ունի: Նրանց պետք է հետ պահել: Եթե դա չի օգնում, ապա հարկավոր է մարտնչել: Հիտլերին անհնար էր կանգնեցնել խաղաղ բողոքի ցույցերով, Ստալինին չէր կարելի հետ պահել բառերով, իսկ ԻՊ-ին երկխոսությամբ հաղթելն անհնար էր»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն:  

Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքի անդամ երկրներն ավելի շատ միջոցներ պետք է տրամադրեն պաշտպանությանը, քանի որ «ազատության ապագա թշնամիները կրկին կարող են ընտրել բռնության ուղին»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վաշինգտոնում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: