Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյան-Բերբերյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի:
«ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին՝ ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքեջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին:
Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհիմնավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից: «Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ չզլանալ և դիմել ՀՀ ԿԲ պաշտոնական տեղատվություն ստանալու համար»,-պարզաբանել է ԿԲ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունների՝ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:
0Comments