ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա իր հայտարարած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել է նվազեցնել դրանք և Պեկինի հետ առևտրային գործարք կնքել։
«145%-ի մաքսատուրքերը շատ բարձր են: Եվ դրանք այդքան բարձր չեն լինի, նույնիսկ մոտ այդքան բարձր: (...) Դրանք զգալիորեն կիջնեն, բայց չեն հասնի զրոյի»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին:
Ինչպես նշում է The Hill-ը, Թրամփը նաև լավատեսություն է հայտնել Չինաստանի հետ առևտրային գործարքի հասնելու վերաբերյալ։
«Մենք շատ բարի կլինենք: Նրանք շատ բարի կլինեն, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց, ի վերջո, նրանք ստիպված կլինեն գործարք կնքել, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարող գործ ունենալ Միացյալ Նահանգների հետ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նա բացատրել է, որ նման լավատեսության պատճառը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր «գերազանց հարաբերություններն» են:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը կարծիք էր հայտնել, որ Չինաստանի հետ առևտրային հակամարտությունը վաղ թե ուշ կթուլանա։
«Կողմերից ոչ մեկը չի կարծում, որ գործերի ներկա վիճակը երկար կտևի», - մեջբերում է Associated Press-ը Բեսենտի խոսքերը փակ միջոցառման ժամանակ:
Միաժամանակ նա նշել է, որ Պեկինի հետ բանակցությունները հեշտ չեն լինելու և դեռ պաշտոնապես չեն սկսվել։
0Comments