Ես չունեմ քաղաքական հենարան։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
Դիտարկմանը, որ իրեն կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, նա ասաց. «Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում Բարձրաձայն ասում եմ և իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք: Քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում: Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում այս պահի դրությամբ: Հետագայում միգուցե կլինի ի՞նչ է պատահել որ, երբեք մի ասա երբեք»,-ասաց նա:
Հարցին՝ առանց քաղաքական հենարանի ինչպե՞ս է աշխատելու, Ղուկասյանը պատասխանեց. «Բոլորը խմբակցությունները իրենց ձայնը տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք: Մեկը կարող է մի կուսակցության պատկանելիություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելիություն ունենա, բայց մեր հիմքը պիտի լինի քաղաքի շահը: Պետք է լինի համերաշխություն, խառնակչություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, մարդու հետևից դավեր չդավել, իմ ապրած կյանքը այդպիսին է:
Մենք կդնենք, կքննարկենք միասին, եթե ավելի լավ ծրագիր ունեցան, անպայման նկատի կունենանք իրենց ծրագրերը։ Այնպես չէ, որ ասենք մենք վունդերկինդ ենք, մերն է ճիշտ ու վերջ: Ոչ, քննարկում ենք բոլորի հետ»:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքն իրեն հավատացյալ է համարում, բայց առաջադրվել է կոմկուսի կողմից, Վարդան Ղուկասյանն ասաց. «Յիմա կոմկուրսը Լենինի ծրագրով չի առաջնորդում, որ քանդել եկեղեցիները, հավատքը սուտ է: Իրենք այդպես չեն մտածում, եթե այդպես մտածեին, միանշանակ իրենց հետ քայլ չէի անի ես: Իրենք գնում են եկեղեցի, մկրտվում են, ժամերկություն, աղոթք, հավատացյալ մարդու պես ապրում են»:
Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանն ուզում էր իրեն եւ Մարտուն Գրիգորյանին հաշտեցնել, բայց ինքը չի հանդիպել Սրբազանի հետ, նա ասաց. «Ճիշտ ասած հաշտեցնելու ոչ մի բան չկա, ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ, իմ պրոբլեմը այլ տեղ է, Հասկացա՞ր, ադրբեջանցիներն են»:
Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ
Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ
Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ
Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ
Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:
Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ չի բացառվում, որ ՔՊ-ն Գյումրիում կիրառի Վանաձորի նախադեպը, որտեղ ընտրություններից հետո կալանավորվեց քաղաքապետի ամենահավանական թեկնածու Մամիկոն Ասլանյանը եւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց իշխանությանը հարմար թեկնածուն:
0Comments