Հարկավոր է շարունակել Ուկրաինային աջակցությունը և մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը. Սթարմեր

Մանրամասներ
Քիր Սթարմեր զելենսկի

Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին և ռուս-ուկրաինական կարգավորման եվրոպական հնարավոր ծրագրին: Քիր Սթարմերի խոսքով՝ նախ հարկավոր է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը և մեծացնել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը:

«Պայմանավորվել ենք Կիևին 2,2 միլիարդի նոր վարկ տրամադրելու մասին, որը կփոխհատուցվի ռուսական սառեցված ակտիվների հաշվին», – մանրամասնել է պաշտոնյան:

Սթարմերի խոսքով` երկարաժամկետ խաղաղության ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

«Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է իր ապագային», – շեշտել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:

Նա շեշտել է պատերազմի ավարտից հետո էլ համատեղ ուժերով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու կարևորությունը:

«Ուկրաինացիների համար պատերազմը 3 տարի առաջ չի սկսվել։ Նրանք Պուտինի հետ նախկինում էլ պայմանագրեր են կնքել։ Չենք կարող կրկին թույլ համաձայնագիր ընդունել», – հավելել է Սթարմերը: