Այսօրվանից Ռուսաստանում ուժի մեջ է մտել կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենքը. այսուհետ օտարերկրացիները ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար պետք է երեք տարի ամուսնացած լինեն ՌԴ քաղաքացու հետ կամ ընդհանուր երեխա ունենան:
Եթե ամուսնությունը գրանցված չէ, ապա դատարանում անհրաժեշտ կլինի ապացուցել, որ երեխայի ծնողները առնվազն երեք տարի համատեղ բնակվում են ՌԴ-ում և մասնակցում են երեխաների դաստիարակությանը:
ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը պարզաբանել է, որ նոր կանոնները չեն վերաբերի Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի և Ուկրաինայի հայրենակիցներին:
2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դատարանի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու հիման վրա կայացվել է ժամանակավոր կացության թույլտվությունների չեղարկման 107 և կացության թույլտվության չեղարկման մասին 75 որոշում։
Հիշեցնենք` Ռուսաստանի իշխանությունները միգրացիոն օրենսդրության խստացումը սկսեցին քննարկել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի կատարման մեջ մեղադրվում են Տաջիկստանից ներգաղթած 4 անձինք:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին ժամանակավոր բնակության թույլտվություն տալու մասին որոշումների ընդհանուր թվի մոտ 40 տոկոսը կայացվել է Ռուսաստանի քաղաքացու հետ ամուսնության փաստով, իսկ կացության թույլտվությունների կեսը տրվել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երեխաների առկայության հիման վրա։ Գերատեսչությունում հայտարարել են` կասկածներ ունեն, որ որոշումներից շատերը հիմնված են եղել կեղծ ամուսնությունների կամ կեղծ հայրության վրա։
0Comments