Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել՝ պնդում են ոմանք։ Ու չեն սխալվում։ Հենց իր երկրորդ և վերջին պաշտոնադրման օրը խախտվել են պատմական ավանդույթները, որովհետև, ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, 1874 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում իշխանության փոխանցման որևէ արարողության չի մասնակցել օտարերկրյա ոչ մի առաջնորդ։ Այնինչ Թրամփը տարբեր պետությունների ղեկավարների հրավիրել է, ինչը, բնականաբար, թեժ վեճերի ու լրջագույն վերլուծությունների պատճառ է դարձել որոշ երկրներում, այդ թվում` Հայաստանում. բա մերին ինչո՞ւ չի հրավիրել։
Ընդ որում, այդ ամենը նորընտիր նախագահը, եթե կարելի է այդպես ասել, թրամփավարի է արել. որոշ դեպքերում ոչ թե պաշտոնական հրավերներ է ուղարկել, այլ, ասենք, հարցազրույցներից մեկում իմիջիայլոց հայտնել է, որ ակնկալում է այսինչ լիդերի ներկայությունը իր երդմնակալությանը։ Ընդամենը մի օրինակ բերեմ. երբ հունգարական լրատվամիջոցներից մեկը հայտնեց, որ հունվարի 20-ին Վաշինգտոն է հրավիրված նաև վարչապետ Վիկտոր Օրբանը, նրա խոսնակ Զոլտան Կովաչն անմիջապես արձագանքեց «Ֆեյսբուքում». «Եկեք հստակեցնենք փաստերը։ Հունգարիայի կառավարության որևէ ներկայացուցիչ պաշտոնական հրավեր չի ստացել։ Եվ ուրեմն, Վիկտոր Օրբանն էլ երդմնակալությանը չի մասնակցելու»։
Ի տարբերություն Օրբանի` Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը պաշտոնապես հրավիրված է եղել, բայց Պեկինից տեղեկացրել են, որ նրա փոխարեն Վաշինգտոն կմեկնի նրա տեղակալը։ Հրավիրված է նաև Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որին «արևադարձային Թրամփ» են անվանում։ Նմանություն կա. ճիշտ այնպես, ինչպես Դոնալդ Թրամփը ժամանակին չընդունեց իր պարտությունը Ջո Բայդենից, ինչի հետևանքով նրա կողմնակիցները 2021 թվականի հունվարին գրոհեցին Կապիտոլիումը, այնպես էլ Բոլսոնարուն, ըստ Բրազիլիայի իշխանությունների, 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո անկարգություններ հրահրեց։ Հիմա, եթե ցանկանա էլ մասնակցել Թրամփի պաշտոնադրմանը, չի կարող շատ պարզ պատճառով՝ քննիչներն առգրավել են նրա անձնագիրը և հրաժարվում են վերադարձնել մինչև հետաքննության ավարտը։ Իսկ առանց անձնագրի նույնիսկ նախկին նախագահներին թույլ չեն տալիս ինքնաթիռ մտնել։
Փոխարենը սպասվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում կլինի Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, որն արդեն ասել է. «Անպայման գնալու եմ»։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև հենց ինքը՝ Դոնալդ Թրամփը, անցած տարվա նոյեմբերին ընտրվելուց ընդամենը մի քանի օր անց հայտարարեց. «Իմ սիրելի նախագահը Խավիեր Միլեյն է»։
Որոշ մեկնաբաններ Միլեյին անվանում են «Թրամփի կլոն», չնայած արգենտինացուն իրավամբ կարելի էր նաև «Հայաստանի վարչապետի կլոն» անվանել, որովհետև ճիշտ այնպես, ինչպես մեր ղեկավարն էր նախընտրական հանրահավաքներում մուրճով սպառնում կոռուպցիոներներին, Խավիեր Միլեյն էլ մեխանիկական սղոց էր բերում հավաքներին։
Ի դեպ, լրագրողները կատակով նշում են, որ Թրամփն աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ կլոններ ունի։ «Մինի Թրամփ» են անվանում, օրինակ, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, որը ճիշտ Թրամփի նման մահափորձի է ենթարկվել, և Սլովենիայի նախկին վարչապետ Յանեզ Յանշային, որը հայտնի է նրանով, որ շտապել էր 2020 թվականի ընտրություններից անմիջապես հետո շնորհավորել Դոնալդ Թրամփին, այնինչ, իրականում հաղթել էր Ջո Բայդենը։ Եվ, իհարկե, անհնար է չհիշել «ասիական Թրամփին«՝ Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին, որը 2016 թվականին Թրամփի ընտրվելուց հետո հայտարարեց. «Այո′, մենք շատ նման ենք, և երկուսս էլ հայհոյում ենք ամեն առիթով»։ Ֆիլիպինների նախկին ղեկավարի հետ շատ դժվար է չհամաձայնել, որովհետև նա ընդհանրապես սահմանափակում չուներ, և, կներեք, «շան որդի» էր անվանում ոչ միայն Բարաք Օբամային, այլև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։
Ճիշտ է, Թրամփի բոլոր «կլոնները» չէ, որ հրավիրվել են Վաշինգտոն։ Օրինակ` Գերտ Վիլդերսը, որին «նեդեռլանդական Թրամփ» են անվանում, և որը սենսացիոն հաղթանակ տարավ վերջին ընտրություններում, բայց այդպես էլ չկարողացավ զբաղեցնել վարչապետի աթոռը, տեղական լրատվամիջոցներից մեկին անկեղծ ասել է. «Իհարկե կգնայի, եթե հրավեր ստանայի, բայց չեմ ստացել»։ Եվ ընդհակառակը` մյուս «եվրոպական Թրամփը»՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, պարզապես վիրավորական է համարում, որ իրեն համեմատում են Ամերիկայի նորընտիր նախագահի հետ։
«Ես երբեք չեմ խրախուսել բռնությունը փոքրամասնությունների նկատմամբ և չեմ ընդունում սպիտակների գերազանցության գաղափարը»,- ասել է Միլանովիչը՝ մեղադրելով Թրամփին ատելություն սերմանելու մեջ։
Եվ, այնուամենայնիվ, ինչպես նկատում է ամերիկյան առաջատար լրատվամիջոցներից մեկը` բոլոր հրավիրվածները գաղափարական ընդհանրություն ունեն. նրանցից շատերը ներկայացնում են քաղաքական գունապնակի աջ և ծայրահեղ աջ հատվածը, կամ ուղղակի այն լիդերներն են, որոնց Թրամփը նախկինում գովել է։ «Եվ այս առումով` երկուշաբթի օրվա ինաուգուրացիան շատ բան կարող է ասել նրա վարչակազմի ապագա ուղղվածության մասին»,- կարծիք է հայտնել հոդվածագիրը։
Այսինքն, կարելի է այսպես հասկանալ. եթե ուզում ես շահել Ամերիկայի նորընտիր նախագահի սիրտը, կա′մ պիտի կիսես նրա հայացքները, կա′մ առնվազն դուր գաս նրան։ Է, ուրեմն միանգամայն նորմալ մարդ է այդ Թրամփը, որովհետև, խոստովանենք, բոլորս էլ նախապատվությունը տալիս ենք այն մարդկանց, որոնք կա′մ կիսում են մեր հայացքները, կա′մ առնվազն մեզ դուր են գալիս։ Բայց կա նաև բոլորովին այլ կարծիք։ Աշխարհում ամեն ինչ փոխվելու է արմատապես, որովհետև գալու է մի մարդ, որն ամեն ինչ տեսել է՝ նախագահ եղել է, պարտվել է, դատվել է, մահափորձի է ենթարկվել, և կորցնելու բան այլևս չունի։ Այնպես որ, շտապե′ք վերջին անգամ ըմբոշխնել հին աշխարհակարգը. մինչև երդմնակալությունը մնացել է ընդամենը մի քանի ժամ։
0Comments