ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
«Վերադարձի իրավունքը որպես հստակ իրավունք միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ, որ ամրագրված է: Որոշակի նշումներ կան դրա մասին 1966 թվականի քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրում, ինչպես նաև մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում:
Հիմա կլինի, թե չի լինի, դա այլ հանգամանք է, բացի այդ գոյություն ունի նաև Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, որտեղ դրա մասին խոսվում է: Այդտեղ մեջբերումը կա, և այստեղ քաղաքացիության ընդունում-չընդունումը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի, և դա հստակ է»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ բազմաթիվ մարդիկ պաշտոնավարել են 070 կոդով անձնագրով, Արմեն Ղազարյանն ասա. «Պետական պաշտոններ զբաղեցնող այն անձինք, ովքեր ունեցել են 070-ով անձնագրեր, այդտեղ առավել վտանգավոր է դատավորի հանգամանքը, որովհետև նա իրականացրել է արդարադատություն Հայաստանի Հանրապետության անունից, և այստեղ մենք խնդիր ունենք: Սակայն մենք այս հարցը բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել ենք, այս թվում նաև բազմաթիվ դատավորների, ՍԴ դատավորների, ԲԴԽ գործընկերների հետ: Այստեղ գործում է արդար դատարանի սկզբունքը, այսինքն գործել է պատմուճանը և ոչ թե անձը, այս լոգիկան է, այս մեկնաբանությունն է:
Ըստ այդմ մենք զուտ երկրի իրավական անվտանգությունից ելնելով այս հարցին անդրադարձ չենք կատարում, որովհետև այս հարցին անդրադարձ կատարելու պարագայում մենք կունենանք շատ-շատ ավելի խնդրահարույց իրավիճակներ, որոնց մասին ես մանավանդ հանրային միջավայրում չէի ցանկանա բարձրաձայնել»:
0Comments