Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան կարծում է, որ իր «Մեգապոլիս» ֆիլմը գերազանցում է կինոյի սովորական գաղափարները

Մանրամասներ
կոպոլա

Հանրահայտ կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան կարծում է, որ իր գիտաֆանտաստիկ «Մեգապոլիս» ֆիլմը, որը ենթարկվել է խիստ քննադատության, հանդիսատեսին առաջարկում է ինքնատիպ սյուժե, որը խիստ տարբերվում է նրանից, ինչին նրանք սովոր են։ 

«Մենք այնպես ենք վարժվել դիտել ֆիլմեր, որոնք նման են մյուսներին»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կոպոլան Reuters գործակալությանը։

«Դրանք, ասես, կարտոֆիլի չիպս լինեն, որոնք, ինչպես գիտեք, հանգեցնում են վարժվածության, իսկ «Մեգապոլիսը» ինչ-որ նոր բան է»,- ավելացրել է նա։

Կաննի փառատոնում այս տարվա դեբյուտից հետո Կոպոլայի նախագիծը կներկայացվի ավելի լայն լսարանի, երբ այն հայտնվի ԱՄՆ կինոթատրոններում։

Ադամ Դրայվերը խաղում է ճարտարապետ-գիտնական Սեզար Կատիլինայի դերը, որը ցանկանում է բարելավել Նյու Յորքի մտացածին տարբերակը Նոր Հռոմ անվանմամբ, ինչը նրան հակամարտության մեջ է դնում քաղաքապետ Ֆրանկլին Ցիցերոյի հետ, որի դերը կատարում է Ջանկառլո Էսպոզիտոն, եւ որի համար իշխանությունը եւ ինստիտուտները փոփոխություններից բարձր են։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք «Մեգապոլիսը» ֆիլմերի ստեղծման նրա ճանապարհի ալեգորիան է, 85-ամյա ռեժիսորը պատասխանել է. «Իմ բոլոր ֆիլմերն են ալեգորիա»։ «Երբ ես երիտասարդ էի եւ նկարահանում էի «Կնքահայրը», ստիպված էի լինել ինչպես Մայքլը [Մայքլ Կոռլեոնեն], որովհետեւ ես ոչ մի իշխանություն չունեի, եւ ստիպված էի մաքիավելիական լինել։ Երբ ես նկարահանում էի «Ապոկալիպսիսն այսօր»-ը, ես անհեթեթ վիճակում հայտնվեցի ուղղաթիռների եւ միլիոնավոր դոլարների հետ կապված, ուստի ստիպված էի դառնալ մեգալոմոլ, ինչպես Կուրցը [գնդապետ Կուրց]։ Գիտեք, ես միշտ դարձել եմ իմ ֆիլմերի կերպարը, որպեսզի պարզապես գոյատեւեմ»,-հավելել է նա։