Վրաստանում որոշել են կանգնեցնել Իրակլի II արքայի հուշարձանը, որը երկիրը դրել է Ռուսական կայսրության հովանու ներքո

Մանրամասներ
Վրաստան

Վրաստանի կառավարությունը որոշել է Թբիլիսիում կանգնեցնել Քարթլի-Կախեթի թագավորության արքա Իրակլի II Բագրատիոնի հուշարձանը, որը կնքել է «Գեորգիեւյան տրակտատը» երկրի՝ Ռուսաստանի հովանու ներքո անցնելու մասին։ Ինչպես տեղեկացրել է «Радио Свобода»-ն, նախաձեռնողը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն է։

«Մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել վրացական պատմությանը եւ բոլոր արժանավոր հերոսներին, որոնք պահպանել են մեր հոգեւոր եւ ազգային ինքնությունը»,- ասել է վարչապետը կառավարության նիստում՝ նշելով, որ Իրակլի II-ը «հիանալի ազգային հերոս է»։

Արեւմտամետ քաղաքական ուժերը քննադատել են կառավարության նախաձեռնությունը։ Միխայիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժումը» մեղադրել է կառավարող կուսակցությանը՝ «Վրացական երազանքին», քանի որ ձգտում է «երկիրը հանձնել Ռուսաստանին» եւ նշել է, որ նախաձեռնությունն «ակնհայտորեն պատահական չէ» խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։

«Գեորգիեւյան տրակտատը» կնքվել է 1783թ.։ Այն Քարթլի-Կախեթի թագավորությունը (Արեւելյան Վրաստան) դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատը, որը ձեւականորեն պահպանել է ներքին գործերի անկախությունը, բայց մասամբ հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Վրաստանը վերջնականապես Ռուսական կայսրության մաս է դարձել 17 տարի անց։

Իրակլի II-ի  դերը ժամանակակից Վրաստանում գնահատում են ոչ միանշանակ։ Որոշ պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ կարծում են, որ նրա կնքած «Գեորգիեւյան տրակտատը» դարձել է վրաց պետականության վերացման նախադրյալ։

Սա Իրակլի II-ի երկրորդ հուշարձանը կլինի Վրաստանում։ Առաջինը կանգնեցվել է Թելավիում՝ արքայի հայրենի քաղաքում, ԽՍՀՄ օրոք։