Բժիշկներն սկսել են մարդկանց վրա փորձարկել աշխարհում առաջին мՌՆԹ պատվաստանյութը թոքերի ոչ մանրաբջիջ քաղցկեղի դեմ։ Հետազոտությունն իրականացվում է յոթ երկրներում, news.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է The Guardian բրիտանական թերթը։
Թոքերի քաղցկեղը ամեն տարի խլում է 1,8 մլն կյանք, թոքերի ոչ մանրաբջիջ քաղցկեղը համարվում է հիվանդության ամենատարածված ձեւը։
BNT116 դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը մեկնարկել է Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Թուրքիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Լեհաստանի 34 բժշկական կենտրոններում։ Փորձարկումներին մասնակցելու է մոտ 130 պացիենտ, որոնք գտնվում են հիվանդության տարբեր փուլերում։
Գիտնականների խոսքով՝ պատվաստումը օրգանիզմին ստիպում է հետեւել եւ ոչնչացնել քաղցկեղի բջիջները, իսկ հետո կանխել դրանց կրկնակի հայտնվելու հավանականությունը։
Պատվաստանյութում օգտագործվում է տեղեկացված ՌՆԹ (мՌՆԹ), ինչպես եւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերում, եւ նրա գործողությունը հիմնված է իմունային համակարգին ուռուցքային մարկերներ տրամադրելու վրա, որպեսզի օրգանիզմը պատրաստվի քաղցկեղի բջիջների դեմ պայքարին, որոնք կհայտնաբերեն այդ մարկերները։
Նպատակը քաղցկեղին մարդու իմունային պատասխանն ուժեղացնելն է, ընդ որում՝ առողջ բջիջները մնում են անձեռնմխելի։
Յուրաքանչյուր ներարկում պարունակում է ՌՆԹ տարբեր թելեր։ Պացիենտները կստանան պատվաստանյութն ամեն շաբաթ վեց շաբաթների ընթացքում, իսկ հետո 54 շաբաթվա ընթացքում՝ յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ։
Բժիշկների խոսքով՝ իմունաթերապիան օգնում է պահպանել մարդկանց 35 տոկոսի կյանքը քաղցկեղի չորրորդ փուլում։ Մասնագետները հուսով են, որ պատվաստանյութը կբարելավի ողջ մնալու ցուցանիշները։
0Comments