Շրջանառության մեջ են դրվել 5000 և 10000 դրամ անվանական արժեքով 2024թ. թողարկման թղթադրամները․ ԿԲ

Մանրամասներ
դրամ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ․ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:

2024 թ. թողարկման 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա կատարված փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ հետևյալն են.

 Թղթադրամների դիմերեսներին.
• Վերևի աջ անկյունում՝ թղթադրամների թողարկման տարեթիվը` «2024»
• ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները

Թղթադրամների դարձերեսներին.
• Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանները տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ 1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: