Սա հասկանում են և Թեհրանում, սա հասկանում են և Մոսկվայում

Մանրամասներ
շոյգու փեզեշքիան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն երեկ այցելել էր Իրան։ Այս այցելության հիմնական հետաքրքրությունն այն էր, որ նա այցելեց այն ժամանակ, երբ բոլորը սպասում են Իրանի՝ Իսրայելին տրվելիք պատասխանին՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիեյի՝ Թեհրանում սպանության պատճառով։ Հիշեցնենք, որ Շոյգուն հանդիպել էր Իրանի նախագահին ու պաշտպանության նախարարին:

Քաղաքագետ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ Շոյգույի այցելության առնչությամբ տարածված հաղորդագրությունն ընդամենը դեկլարատիվ մասն էր, որին շատ քիչ ուշադրություն կարելի է դարձնել՝ որպես տեղեկատվություն գրեթե ոչինչ չէր ասվում:

«Եթե դիտարկենք զարգացումների համատեքստում, ապա նախևառաջ Իրանն ու Ռուսաստանի Դաշնությունն այլևս ռազմավարական համագործակցողներ կամ դաշնակիցներ են, հատկապես` անվտանգային հարցերում: Իսկ այս համագործակցությունն առավել ընդգծված սկսեց զարգանալ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողություններ ձեռնարկելուց հետո: Եվ ակնհայտ է, որ կար փոխգործակցություն Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական և անվտանգային իմաստով, մասնավորապես` տևական ժամանակ Իրանն էր, բազմաթիվ բաց աղբյուրների համաձայն, ինչ-ինչ հարցերում օգնում Ռուսաստանի Դաշնությանը: Եվ հիմա, երբ հնարավոր է, որ այս հակամարտությունը վերածվի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հակամարտության, ակնհայտ է, որ բոլոր տերությունները` այս կամ այն կերպ շահագրգռվածություն ունեցող, փորձելու են կամ ներգրավված լինել, կամ փորձելու են որոշակի ազդակներ հակառակ կողմին հաղորդել, որ ավելի լավ է չսկսել գլոբալ ռազմական գործողություններ»,- ասաց քաղաքագետը:

Իսրայելը փորձում է ձևավորել կոալիցիա` Իրանից պաշտպանվելու համար, և այդ նպատակով թե Միացյալ Նահանգների հետ, թե տարածաշրջանում Սաուդիան Արաբիայի և Հորդանանի հետ են տարվում բանակցություններ, ինչպես նաև` Մեծ Բրիտանիայի հետ, ինչից հետո խոսվեց այն մասին, որ ԱՄՆ-ն գեներալ է ուղարկում Իսրայել, ով տեղում պետք է կազմակերպի կամ մասնակցի Իրանի հնարավոր հարձակման դեպքում իսրայելի պաշտպանության կազմակերպմանը: Այս տեղեկատվությունները հուշում են, որ Ռուսաստանը, որը ևս որոշակի շահագրգռվածություն ունի տարածաշրջանի խնդիրներում, թե որպես Իրանի հետ դաշնակցային պայմանագրեր ունեցող և դեպի ավելի խորը համագործակցության գնացող կողմ, Ռուսաստանը ևս ներգրավված է լինելու, և Շոյգույի այցը Թեհրան հենց այս համատեքստում է պետք դիտարկել, որի պտուղներն ինչ-որ պահից տեսանելի կլինեն:

Հարցին` մի՞թե հզոր Միացյալ Նահանգները չեն կարողանում ճնշել Նեթանյահուին, քանի որ հայտարարում էին, որ ռազմական հակամարտության տարածում չի կարելի թույլ տալ, սակայն մյուս կողմից գեներալ են գործուղում Իսրայել, քաղաքագետն ասաց, թե խնդիրն այն է, որ Իսրայելը Միացյալ Նահանգների թերևս ամենաթանկ դաշնակիցներից է:

«Եթե սրան գումարենք նաև հրեական լոբբինգի ազդեցությունը Միացյալ Նահանգների ամբողջ քաղաքական, ֆինանսական, տնտեսական համակարգերի վրա, ապա ակնհայտ կինի, որ թեպետ Միացյալ Նահանգների շահերից չի բխում այս պահին լայն հակամարտությունը, բայց, միևնույն ժամանակ, Իսրայելն ամեն ջանք գործադրելու է` Միացյալ Նահանգներին և արևմտյան իր դաշնակիցներին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ, անկախ այն հանգամանքից` Միացյալ Նահանգներն ուզում են, թե չեն ուզում: Եթե Իսրայելը որոշի գնալ գլոբալ հակամարտության, Միացյալ Նահանգները ստիպված են լինելու մասնակցել այդ հակամարտությանը, և անկախ այն հանգամանքից` քաղաքական իր շահերից բխում է, թե ոչ, ես կարծում եմ` ԱՄՆ-ն ստիպված կլինի այս կամ այն կերպ լինել ներգրավված տվյալ հակամարտության մեջ: Սա հասկանում են և Թեհրանում, սա հասկանում են և Մոսկվայում, և կարծում եմ` բացի Իսրայելից, բոլոր կողմերն այս պահին շահագրգռված են, որ դա տեղի չունենա»,- ասաց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Իրանի պատասխան հարվածին, ապա, ըստ քաղաքագետի, դա հնարավորինս այնպիսին է լինելու, որ չվերածվի բաց պատերազմի: Չնայած, միևնույն ժամանակ Իսրայելն ամեն ջանք ներդնելու է, որպեսզի Իրանի պատասխանն այնպիսին լինի, որ լայնամասշտաբ պատերազմ սկսվի: 

«Պատերազմն այս պահին բխում է Նեթանյահուի շահերից, և Նեթանյահուն ամեն ինչ անելու է, որպեսզի սկսվի բաց պատերազմ, ինչը հնարավորություն կտա Գազայի հատվածում իր սկսած եղեռնագործությունները հասցնել ավարտին հենց պատերազմի ֆոնին՝ բաց, գլոբալ պատերազմի ֆոնին: Բացի այդ, դրանով հնարավորություն կունենա նաև հնարավոր իրանական սպառնալիքը չեզոքացնել, եթե այդ հակամարտության մեջ ի վիճակի լինի ներքաշել ամբողջ Արևմուտքը: Սա հնարավոր սցենար է, բայց այդ սցենարում միակ շահառուն Իսրայելն է»,- ասաց Արա Պողոսյանը:

Իրանն իր հերթին կանի ամեն ինչ, որպեսզի իր հարվածներն այնպիսին լինեն, որ թույլ չտան կոնֆլիկտը վերածել բաց պատերազմի: Քաղաքագետը հատկանշական է համարում Իրանի աշխատանքը թե ՄԱԿ-ի, թե Անվտանգության խորհրդի, թե տարբեր միջազգային կառույցների ու պետությունների հետ, և իրանական դիվանագիտությունն այն ուղղությամբ է տարվում, որպեսզի Իրանի բանակի հարվածները ստանան լեգիտիմություն, և որպեսզի այդ հարվածի հետևանքով երրորդ երկրները չկարողանան մեղադրել Իրանին ագրեսիայի մեջ ու մտնել բաց պատերազմի մեջ:

«Այնպես չէ, որ միջազգային իրավունքը հիմա չափազանց լավ է աշխատում, և այն, ինչը որ դիվանագիտական մակարդակում Իրանն անելու է՝ կանխարգելելու է Իսրայելի՝ երրորդ կողմերին պատերազմի մեջ ներքաշելու մտադրության իրագործումը: Եթե Իսրայելն արդեն կայացրել է որոշում` գնալ բաց պատերազմին, ապա ես չեմ կարծում, թե սա կխանգարի: Իհարկե, Իրանի շուրջ կլինի կոնսոլիդացիա, բայց այնպես չէ, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցները, եթե որոշում լինի` մասնակցել պատերազմին, ապա դա իրենց հետ է պահելու»,-ասաց Պողոսյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ Նեթանյահուն ԱՄՆ-ի վրա ազդում է հրեական հզոր լոբբինգի միջոցով, և նա պատահական չի ընտրել հենց նախընտրական շրջանը` այս գործողությունների ժամանակը, քանի որ քաղաքական ուժերի համար անչափ կարևոր են ընտրողների ձայները: Բացի այդ, Նեթանյահուն փաստացի փաստի առաջ է կանգնեցնում Միացյալ Նահանգներին, իր գործողություններին և կատարված փաստին Միացյալ Նահանգների արձագանքն արդեն իսկ այն չէ, ինչ պիտի լիներ, եթե այդ մասին նախապես տեղեկացված լիներ: