«Ո՞րն է Ադրբեջանի նախագահի հաշվարկի «մեխը»»․ Հակոբ Բադալյան

Մանրամասներ
ալիև

Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «Կա մտայնություն, թե առաջ քաշելով ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» հարցը, Իլհամ Ալիևը փորձում է փակել արցախահայության վերադարձի թեման, հետևյալ տրամաբանությամբ՝ դուք չեք խոսում ձեր գալու մասին, մենք չենք խոսում մեր գալու մասին:

Ըստ իս իրականությունն այլ է և Իլհամ Ալիևը ադրբեջանցիների «վերադարձի» թեման չի բացում արցախահայության վերադարձի թեման փակելու համար:

Չեմ կարծում, թե կատարվածի համատեքստում նրա համար լուրջ խնդիր է Արցախի հայության վերադարձի թեմա քննարկելը: Եթե մի քիչ պարզունակացնենք, նա ասելու է՝ պատրա՞ստ եք ապրել Ադրբեջանի իրավազորության ներքո, խնդրեմ, բարի գալուստ, վերադարձեք:

Քանի՞ արցախցի է վերադառնալու Ադրբեջանի իրավազորության տակ ապրելու: Սա գուցե թե հռետորական հարցադրում է:

Փոխարենը կարելի է պատկերացնել, թե քանի՝ առնվազն տասնյակ հազար ադրբեջանցի «կվերադարձնի» Հայաստան Իլհամ Ալիևը, այն վարչահրամայական տրամաբանության շրջանակում, որ հաստատել է նա Ադրբեջանի կառավարման համակարգի և պետական կյանքի կազմակերպման առումով:

Հետո կասի՝ եթե չկան վերադառնալ ցանկացող հայեր, դա իմ մեղքը չէ, իսկ ահա վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներ՝ թեկուզ Հայաստանի իրավազորության ներքո, շատ են, այնպես որ ապահովեք նրանց վերադարձի իրավունքը:

Իմ կարծիքով հենց դա է Ադրբեջանի նախագահի հաշվարկի «մեխը», այլ ոչ թե արցախահայության վերադարձի հարց փակելը:

Իսկ, թե ինչ է նշանակելու Հայաստանում նվազագույնը մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիներով բնակեցված «օջախներ» ստանալը, կարծում եմ պատկերացնելը բարդ չէ»:

Հակոբ Բադալյան