ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերի մասին

Մանրամասներ
ռուսաստան ագն

Ռուսաստանը Հայաստանի իրավասությունն է համարում Մոսկվայում հանրապետության դեսպանի թեկնածության որոշումը և նշանակումը. այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը: Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է: Նման հարցերի լուծման համար ընթացակարգեր են սահմանվել և դրանք կիրականացվեն», - ասել է նա լրագրողներին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Միշտ խորին գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքի առնչությամբ: Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վարնազովիչին՝ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ մեր երկիրը շուտով նոր դեսպան է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Նա այս մասին ասել էր ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,-ասել է նա: