Ամերիկացի խորհրդարանականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Մանրամասներ
ամն

Տեխասում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ կոնգրեսական Էնրիկե Ռոբերտո Կուելյարի և նրա կնոջ՝ Իմելդա Կուելյարի նկատմամբ՝ կաշառակերության, ապօրինի օտարերկրյա ազդեցության և փողերի լվացման սխեմաներում նրանց հանցակցության համար: News.am-ը փոխանցում է, որ ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ առնվազն 2014 թվականի դեկտեմբերից ի վեր և առնվազն մինչև 2021 թվականի նոյեմբերը, կոնգրեսականն ու նրա կինը ենթադրաբար մոտավորապես 600 հազար դոլար կաշառք են ստացել երկու արտասահմանյան ընկերություններից, մասնավորապես, ամբողջությամբ Ադրբեջանի կառավարությանը պատկանող և նրա կողմից վերահսկվող նավթագազային ընկերությունից, ինչպես նաև Մեխիկոյի բանկերից մեկի գլխամասային գրասենյակից:

Ենթադրվում է, որ կաշառքները լվացվել են գոյություն չունեցող խորհրդատվական պայմանագրերի շրջանակում Իմելդա Կուելյարի անունով բացված մի շարք դրածո ընկերությունների միջոցով: Կոնգրեսականն ադրբեջանական նավթագազային ընկերությունից փոխանցված կաշառքի դիմաց համաձայնել է հօգուտ Ադրբեջանի ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ Նա մեքսիկական բանկի կողմից վճարվող կաշառքի դիմաց համաձայնել է ազդել օրենսդրական գործունեության վրա, ինչպես նաև ճնշում գործադրել ԱՄՆ գործադիր բարձրաստիճան պաշտոնյաների վրա՝ բանկին օգուտ տվող միջոցների վերաբերյալ:

Կոնգրեսականին և նրա կնոջը սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։