«British Petroleum-ը վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանին 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել, դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն է. Միացյալ Թագավորությունն այդ կերպ լծակ ունի Ադրբեջանի նկատմամբ, կուզեիք արդյոք` Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր: Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ստանում ՌԴ-ից, Թուրքիայից, Իսրայելից, ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից ու Հնդկաստանից, կուզեի՞ք, որ այլ երկրներից էլ ստանար, որ հնարավորություն ունենար ինքնապաշտպանվելու»,- բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որ տեղի են ունենում հարևան երկրներում, ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որ ներդրման միջավայրում ու տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և ներդրողների հետաքրքրությունների տիրույթում է, բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանը և Ադրբեջանն են: Այս տեսական թեզը, որ շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն, հատկապես վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա նրա արտահայտությունն է, որ, ի վերջո, հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառուն»:
Փաշինյանը նշեց` այս առումով Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որ վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, անհանգստացնում են:
«Դուք ճիշտ նկատեցիք, եթե տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, այդ հարաբերակցությունը ձևավորվում է նաև ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ, բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած բոլորս հասկանում ենք, որ դրանք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն, նաև որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի` մարտունակ բանակ ունենալու իրավունքը»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց` մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց այն նաև օգտագործվում խաղաղության, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար, նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որը Ադրբեջանի ձեռք բերածի 15-20 տոկոսից ավել չէ` և' ֆինանսական, և' ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ, բայց իրենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չեն թողնում:
«Մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել, առաջարկել և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- նշեց վարչապետը` հավելելով, որ առաջարկել են նաև չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել` նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը:
0Comments