Հայաստանը Գերմանիայում առևտրային կցորդ կունենա

Մանրամասներ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․ Գերմանիան կրկին ընդգրկել է Հայաստանը ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում, ինչը հնարավորություն է ընձեռում ընդլայնել համագործակցությունը երկկողմ ձևաչափով։

Գերմանիան Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերող երկրորդ դոնոր երկիրն է ԱՄՆ-ից հետո։

Հայաստանում նախատեսվում է հիմնել GIZ և KfW տեղային գրասենյակներ։

Գերմանական կողմի հետ քննարկվում են Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումն արդունաբերության, այդ թվում՝ մետալուրգիայի․ քիմիայի, մեքենաշինության, այլընտրանքային էնէրգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2022-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 530․42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83%-ով (2021թ․ հունվար–դեկտեմբերին կազմել է 289․85 մլն․ ԱՄՆ դոլար)։

Նշված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման արդյունքում յուրաքանչյուր տարի ակնկալվում է առևտրաշրջանառության 35-40% աճ։

Առևտրական կցորդի հաստիք թույլ կտա արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերը համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայ և գերմանացի գործարարների փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաև օժանդակել երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը և իրականացմանը:

ԳԴՀ-ում ՀՀ առևտրական կցորդի տեղակայումը նախատեսվում է ԳԴՀ մայրաքաղաք Բեռլինում։