Կենտրոնական բանկն ու արդարադատության նախարարությունը ներդնում են նոր համակարգ

Մանրամասներ

ՀՀ արդարադատության նախարարությունն ու կենտրոնական բանկը հունվարի 16-ին ստորագրել են հուշագիր, որը միտված է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կիրառվող արգելանքների, բռնագանձումների, քաղաքացիների համար իրենց վճարումների դեպքում ապաարգելադրման ժամանակահատվածի կրճատմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց, արդարադատության նախարարի խորհրդական Լիաննա Թովմասյանը:  Ըստ նրա՝ այս հուշագրով ՀՀ արդարադատության նախարարությունը ստանձնել է պարտավորություն հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգում կատարելու համապատասխան փոփոխություններ: Սահմանվում է միասնական պրոտոկոլ, և ՀՀ կենտրոնական բանկի հովանու ներքո բոլոր բանկերը պետք է առաջնորդվեն այդ պրոտոկոլով:

«Մենք խնդիր ունեինք: Քաղաքացիներն իրենց պարտավորությունները մարում էին, սակայն դեպքեր են եղել, երբ ամիսներ շարունակ, կոնկրետ վարույթի հետ նույնականացման հետևանքով բարդություններ են առաջացել: Մասնավորապես, թեպետ կատարվել է վճարումը, սակայն կատարողական վարույթը չի կարճվել: Ըստ էության՝ սա էր խնդիրը, որի լուծման ուղղությամբ աշխատում ենք այս հուշագրով: Պրոտոկոլն արդեն մշակված է, երկու կառույցներում էլ աշխատել են թվային տեխնոլոգիաների մասնագետները»,- ասաց Թովմասյանը: Նախարարի խորհրդականը նկատեց, որ նման խնդիրների լուծման ուղղությամբ կարևորվում է թվային գործիքակազմի ներդրումը: 2022 թվականին արդեն 13 բանկի հետ գրանցվել է ավտոմատացված հաջորդ գործընթացը: Այժմ ԿԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը հաջորդ քայլն է: «Մենք առաջնորդվել ենք այն պրոտոտիպով, որը գործում էր վճարահաշվարկային տերմինալների դեպքում՝ դրանք են «Թելսել», «Իզիփեյ» «Իդրամ»:

Այն է, երբ քաղաքացին վճարումը կատարում էր, ապա արգելադրման գործընթացը արագ էր տեղի ունենում, որովհետև քաղաքացին իր սոցքարտի տվյալները մուտքագրում էր, ինչից հետո ավտոմատ բերում էր իր կատարողական վարույթները և ըստ առաջնահերթության դրանք մարվում էին: Եվ լինում են, դեպքեր, երբ քաղաքացին վճարը փաստացի կատարած էր լինում, սակայն հաշվի առնելով, որ հնարավոր չէր որևէ կերպ նույնականացում ապահովել տվյալ վճարված գումարի և իր կատարողական վարույթների հետ, ստացվում էր, որ իր պարտավորությունների գումարը մնում էր սառեցված այնքան ժամանակ, մինչև քաղաքացին չէր զանգում, դիմում գրում, կապ հաստատում բանկի կամ հարկադիրի հետ՝ նշելով, որ վճարել է պարտքը և այն պետք է ապաարգելադրել»,- ասաց նա: Առաջարկվող փոփոխություններով՝ գործընթացը բավական դյուրացվելու է: Քաղաքացին չի ընկնելու քաշքշուկների մեջ: Նրա վճարված գումարի ու կատարողական վարույթի նույնականացումը կկատարվի արագ և ճշգրիտ: Քաղաքացին հավելյալ գերատեսչություններ դիմելու անհրաժեշտություն չի ունենա: Աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են, բոլոր բանկերը, երբ վճարումները ընդունեն, այդ ժամանակ միատեսակ պատուհան է բացվելու, որտեղ անհրաժեշտ տվյալները պետական գերատեսչություններից գեներացվելու են: Նա նշեց, որ այս գործընթացի ներդրումը ամբողջությամբ փակելու է առկա բոլոր ռիսկերը: