Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները անթաքույց թևակոխում են լրջագույն լարվածության փուլ ու դաշնակիցն արդեն պատռում է բոլոր «դաշնակցային» ու «բարեկամական» դիմակները, այն էլ էթնիկ հայ/կիսահայ Լավրովի դեմքով։
Պարզվում է՝ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը»:
Ուշադրություն դարձրեք․ Արարատ Միրոզյանը պահանջել է, որպեսզի միջազգային հանրությունը ոչ թե Արցախից դուրս մղի ռուսական խաղաղապահներին, վերացնի այնտեղ անվտանգության ռուսական ճարտարապետությունը, որը ստեղծվել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլ հակառակը՝ խստորեն կատարվեն դրա դրույթները։ Այս ամենը՝ հանուն Արցախի հայության անվտանգության, ու նաև այդ ամենից թվում է թե շահառու պետք է լինի Մոսկվան, մանավանդ որ Երևանի պահանջները անուղղակիորեն «կայունացնում են» Ռուսաստանի դիրքերը։ Մինչդեռ Երևանն ասել է՝ մենք հայերես ուղղակի ուզում ենք չմեռնել։ Ոչ ավելին։
Բայց աղուհացը քաղաքական կատեգորիա չէ, կասեր ողորմած Վանո Սիրադեղյանը, այն էլ ռուս հայկական հարաբերությունները մշտապես սենտիմենտալ, լիրիկական «դարավոր բարեկամության, եղբայրության ու աղուհացի» մակարդակի բերող մեր դաշնակցի համար։
Երեկ Ռուսաստանի ԱԳ նախարարն այնքան հիսթերիկ վիճակում է եղել, որ արագ «տեղեկացվելով» պաշտոնական Երևանի այս ուղերձից, հենց տեղում լպիրշ արձագանք է թողել, որը մեջբերում եմ բառացի․ «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում: Առաջին հարցն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է կողմերի՝ առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Եթե կա նման հետաքրքրություն, եթե դա լուրջ շահ է, դա երևի նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուս խաղաղապահներ ուղարկելու և կողմ են արտահայտվել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և այլ տարբերակի մասին մտածելու օգտին։ Եթե դա արվում է խոսափողի միջոցով հրապարակային, լավ, երևի թե պետք է այսպես վերաբերվել, որ դա հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս է։ Երկրորդ՝ տեսնենք, թե ի՛նչ արդյունքների են հասնում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի առաքելությունները, այսպես կոչված երաշխավոր-երկրները, որոնք հիմա նույնպես սկսում են խոսել։ Օրինակ՝ ինչ արդյունքների են հասել երաշխավոր երկրներն Ուկրաինայում, երբ 2014-ի փետրվարին երաշխավորեցին Յանուկովիչի և ընդդիմության միջև համաձայնագիրը, իսկ առավոտյան՝ բառացիորեն այս համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ուսերը թոթվեցին, և այդ բոլոր երաշխիքներն ավարտվեցին։ Նախքան հանպատրաստից, առավոտյան ինչ-որ հայտարարություններ անելը, այն էլ խորհրդարանում ամբողջ աշխարհի առաջ, կարելի էր խորհրդակցություններ անցկացնել, օգնություն և խորհրդատվություն ստանալ, թե ում հրավիրել այս կամ այն հակամարտությունը կարգավորելու համար»:
Սա, կրկնում եմ, մեր դաշնակցի հայտարարությունն է, որին փոխարինելու մտադրություն պաշտոնական Երևանի քաղաքական տեքստերում ու ուղերձներում չի եղել, թեպետ Ռուսաստանի պահվածքը Երևանի համար բավարար է եղել մտածել Արցախի հայությանն անվտանգությունն ապահովելու ավելի կատարյալ միջազգային առաքելության հարց բարձրացնելու մասին։ Բայց Սոչիի հանդիպումից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որ հրապարակավ ու հանդիպման ժամանակ առաջարկեց՝ երկարացնել ռուսական խաղաղապահների գործողության ժամկետը մինչև 20 տարով, հայտարարության մեջ ներառել դրույթ, որ հակամարտության ամբողջական կարգավորումը տեղափոխվում է ապագա․ սրանք հենց Ռուսաստանի տեսեկետներն էին, որոնք Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, ու Սերգեյ Լավրովը, Լուկաշենկոյի ասած՝ լեզուն մի տեղ է մտցրել ու չի կարողանում հանդիմանել դրանց առարկող Ադրբեջանին։ Բայց Լավրովի լեզուն պտտվում է սեփական դաշնակցի վրա, որը ոչ մի քայլ չի արել, որը վտանգի նրա «դիրքերն ու շահերը» Արցախում։ Պարզվում է՝ Արցախում իրենց հեգնող, իրենց թուլացնող, իրենց առաջ ապօրինի պահանջներ դնող, իրենց մանդատը չստորագրող Ադրբեջանն ավելի «հարգանքի» արժանի է, քան դաշնակիցը, որը ընդամենը տրտնջացել է, թե ինչու ռուս խաղաղպահները չեն ցրում Ալիևի կեղծ բնապահպանական ակցիան, քանի որ ապշերոնյան բռնապետը հայտարարել է, թե «Ադրբեջանի քաղհասարակության լեգիտիմ մտահոգությունները պետք է հարգվեն», այսինքն՝ նրանց ցրել չի կարելի․․․
Ուղղակի արձանագրենք, որ իրեն աշխարհի երկրորդ բանակ ու բևեռ երևակայող պետության արտգործանախարարը Բաքվի փոքրիկ խանի առջև բացի քծնելը այլ բան չի կարող անել, իսկ, այ, կարող է հոխորտալ սեփական դաշնակցի վրա, որին պարտության ու Կովկասում դիրքերի ծայրահեղ թուլացման է տարել սեփական ռազմավարությամբ։
Այո, պարոն Լավրով, Սորոսը փող չի տվել, որ հակառուսական բաներ գրվեն, այլ մեզ բոլորիս դուք եք «վճարել» ու «վճարում» դրա համար․․․ Փաստորեն, նեղվում եք, որ մենք ընդամենն ուզում ենք, որ մեզ չսպանեն․․․ Դա գիտեինք, բայց չի խանգարում, որ ևս մեկ անգամ ասում եք․․․ Բայց հիշեք, որ ամենքն անցողիկ են, մնալու են մեր խոսքերը և հայտարարությունները։ Ու երբեք չասեք, թե Հայաստանը «հակառուսական» էր, դրա համար պատժվեց․ ձեր 5-րդ շարասյան ու 6-րդ պալատի բարբաջանքներն արդեն որևէ մեկը լուրջ չի ընդունում․․․․»:
Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան
0Comments