Ռուսաստանը կարող է մեծ թվով բալիստիկ հրթիռներ ստանալ Իրանից․ Մեծ Բրիտանիա

Մանրամասներ
ա

Ռուսաստանի Դաշնությունն առաջիկա ամիսներին կարող է հարյուրավոր բալիստիկ հրթիռներ ստանալ Իրանից, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ «Իրանի աջակցությունը ռուսական բանակին, ամենայն հավանականությամբ, կաճի առաջիկա ամիսներին, քանի որ Ռուսաստանը ձգտում է ձեռք բերել ավելի շատ սպառազինություն, ներառյալ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ», – ասվում է հայտարարության մեջ: Հետախուզությունը կարծում է, որ դրա դիմաց Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Իրանին կառաջարկի աննախադեպ մակարդակի ռազմական և տեխնիկական օգնություն:

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, սպառել է «Իսկանդեր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների (ՆԱՏՕ-ի դասակարգման SS-26) պաշարների զգալի մասը, որոնք 500 կգ կշռող մարտագլխիկներ են տեղափոխում 500 կմ հեռավորության վրա: Նաև բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ եթե Ռուսաստանը մեծ քանակությամբ իրանական բալիստիկ հրթիռներ ստանա,  կուժեղացնի հարձակումները Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վրա: