5 լուր. համառոտ՝ կարևորի մասին

Armeniadaily.am-ը ներկայացնում է

Այսօր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է արել, որում ասվում է. «Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը՝ հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»։ Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Եռաբլուրում, մեկնաբանելով մարտի 1-ի գործի հետ կապված հարցադրումները, Բալասանյանն ասել էր. «Ժամանակը կգա, բոլորդ էլ կտեսնեք, կասեք՝ ամոթ ա մեզ.  0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, ցանկացած երկրում կգնան դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ այն ժամանակ կրակում էր: Բանակն այդպիսի զինատեսակ էլ չունի, երբևիցե չի էլ ունեցել, դա ներքին զորքերինն է, ինչի՞ եք խառնում ամեն ինչ»։ Լրագրողի դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի  Բալասանյանը պատասխանել էր. «Ի՞նչ է նշանակում՝ սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Դուք գիտե՞ք՝ ովքեր արտահայտում են այդ բառերը, կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու: Բերեք բոլորին կալանավորենք, էնտեղ նստենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ»: Բալասանյանի այս հարցուպատասխանից հետո, լրագրողները Բանակի տոնին նվիրված միջոցառումից առաջ հարցեր էին ուղղել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։  Վերջինս ասել էր. «Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից:  Դուք ուզում եք՝ Բալասանյանի խոսքերը մեկնաբանե՞մ… շատ վատ է, եթե նման գնահատական է տվել: Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»: Փաստորեն Բալասանյանն ընդունել է Սասուն Խաչատրյանի հրավերը:

 

Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: «Մեզ համար` որպես բեռնափոխադրող, շատ ծանր հարկային բեռ են սահմանել. մի քանի տարի հետո բոլորին տանելու են սնանկացման, ու ՊԵԿ-ը որտեղ մտավ ստուգման, ըստ էության մեծ-մեծ ակտեր են գրվելու»,- նշել են գործարարները: Ցուցարարների խոսքով` կա խնդիր՝ ճանապարհահարկի հետ կապված. «Ընդհանուր հարկման դաշտով ենք աշխատում և ծախսերի ճանաչման լուրջ խնդիր ունենք, վառելիքը լցնում ենք կտրոններով, որոնց ճանաչման լուրջ խնդիր կա, քանի որ դա շահութահարկով ծախս չի դիտվում, խնդիր կա նաեւ հիմնական միջոցների ամորտիզացիայի հետ կապված»: Բեռնափոխադրողները հիշեցրել են, որ մեկ ամսվա կտրվածքով ճանապարհները բաց են եղել երկու-երեք օր: «Մենք չենք խուսափում հարկերից, բայց վճարենք մեր իրական շահույթից: Մեզ մոտ գերշահույթ է երեւում, բայց մենք աշխատում ենք վնասով: Մեզ պետք են օրենք գրողները, օրենք մշակողները: Մենք ուզում ենք հանդիպում, որ առողջ բանակցություններ լինեն»,- պահանջել են նրանք՝ հավելելով, որ օրենքը չփոխելու դեպքում, իրենք ստիպված  կլինեն արտագաղթել. «Եթե այսպես շարունակվի, բոլորը կփակվեն, մոտ 5000 մարդ գործազուրկ կմնա, այդ մարդիկ կգնան դրսում կաշխատեն»: Բեռնափոխադրողների պահանջով, սակայն, որևէ պաշտոնյայի հետ հանդիպում այդպես էլ չի կայացել, ինչին ի պատասխան՝ նրանք շարժվել են օդանավակայանի ուղղությամբ՝ ճանապարհ փակելու:

 

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքել են նաև «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ փորձելով պարզել, թե ինչու աջ ղեկային համակարգով մեքենաների ներկրումը թույլատրող օրենքի նախագիծը ներառված չէ այսօրվա նիստի օրակարգում։ Վարչապետի հանձնարարականով նախաձեռնությունը եւ մյուս գերատեսչությունները համատեղ նախագիծ են պատրաստել աջ ղեկերի հարցը լուծելու համար, այն հանրային քննարկում է անցել, 97 տոկոսը կողմ են քվեարկել, այսօր, պետք է հավանություն ստանար կառավարության նիստում: Ակցիայի մասնակիցները մանրամասնել են. որ եկել են հետաքրքրվելու, թե ինչու այսօր նախագիծը չի մտել կառավարության օրակարագ, քանի որ խնդիրը շատ հրատապ է։

 

Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Հիշեցնենք՝ հունվարի 30-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում անհայտ երկու անձ, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, խոշոր չափով գույք հափշտակելու նպատակով, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատված և զենքի գործադրմամբ հարձակվելով աշխատակցի վրա՝ վերջինիս կյանքի և, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելով խոշոր չափի՝ շուրջ 1.230.000 դրամ գումար, դիմել փախուստի: Նախաքննությունը շարունակվում է:

 

Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների իրավիճակի կայունացում՝ նվազման միտումով: Ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարարությունը,  հունվարի 30-ի դրությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմել է 1497 անձ՝ նախորդ շաբաթվա 2028-ի փոխարեն: Արձանագրվել է  շտապ օգնության 88 կանչ՝ նախորդ շաբաթվա 107-ի դիմաց: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 706 քաղաքացի, որոնց 93 տոկոսը երեխաներ են: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ հանրապետությունում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Դպրոցներում և մանկապարտեզներում արձանագրված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազել է: