Yerevan.Today. Ինչո՞ւ Անանյանը ցուցակները չի հրապարակում

Կայքը հարցում է ուղարկել ՊԵԿ՝ աշխատավարձային ու պարգևավճարային ֆոնդը պարզելու համար

Այն պահից սկսած, երբ հրապարակվեց Պետական եկամուտների կոմիտեում տրված ահռելի պարգևավճարների մասին տեղեկատվությունը և դրանց հասցեատերերի անունները, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բազմիցս, այդ թվում նաև երեկ Ազգային ժողովում, հայտարարել է, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում։

Այդ դեպքում ինչի՞ց է վախենում ՊԵԿ նախագահը, որ չի հրապարակում այդ ցուցակներն ու հարցը մեկընդմիշտ փակի։

Միգուցե պատճառն այն է, Անանյանը նոր տվյալներ ի հայտ գալու մտավախություն ունի։ Մասնավորապես՝ պարզվի, որ դեկտեմբեր ամսվա ՊԵԿ պարգևատրման ֆոնդը կազմել է 1 միլիարդ 125 միլիոն դրամ, և թերևս հնարավոր է, որ մեծ պարգևավճարներ ստացողների մեջ լինեն մարդիկ, որոնց անունները կհարուցեն ՊԵԿ շարքային աշխատակիցների զայրույթը։

Օրինակ՝ Դավիթ Անանյանի վարորդի՝ Ստյոպա Բեգլարյանի աշխատավարձային ու պարգևավճարային ֆոնդը կազմել է 1 միլիոն 967 000 դրամ։ Նա աշխատանքի է ընդունվել մայիս ամսից։

Անվտանգության աշխատակից, հունիսին աշխատանքի ընդունված Գագիկ Հովհաննիսյանը ստացել է 2 միլիոն 30 հազար դրամ։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՊԵԿ նախագահը միայն մայիս ամսին ինքն իրեն չի պարգևատրել։ Մնացած բոլոր ամիսներին այդ պարգևավճարները կազմել են 3 միլիոն դրամ։ Վարորդը նույնպես մայիսին չի պարգևատրվել։ Փոխարենը՝ մյուս ամիսներին նրա աշխատավարձային ու պարգևավճարային ֆոնդը կազմել է 1 միլիոն դրամ։

Նշենք, որ Yerevan.Today կայքը հարցում է ուղարկել ՊԵԿ՝ աշխատավարձային ու պարգևավճարային ֆոնդը պարզելու համար։

 

Yerevan.Today