Մենք խաղաղությանը դեմ չենք, խաղաղություն մուրալուն ենք դեմ. Էդուարդ Շարմազանով

Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության

«Վարչապետը փայլուն էր որակում հայ-ռուսական հարաբերությունները, եթե այդքան փայլուն են, ուրեմն գազը պետք է ոչ թե թանկանա, այլ էժանանա, ներդրումները Ռուսաստանից ավելանան, բայց ի՞նչ եղավ, հունվարի 1-ից սահմանին գազը թանկացավ, սրա՞նք են լավ հարաբերությունները: Խրոխտ ասում էր, որ նախկին իշխանություններն իրականացրել են վիզը ծուռ քաղաքականություն, հիմա ինքը եկել է, որ հպարտ վզով քաղաքականություն իրականացնի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վերջին 8 ամիսներին Փաշինյանի իշխանության աշխատանքին։

«ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ վարչապետը հերթական «խայտառակ» հայտարարությունն է արել Մոսկվա կատարած իր վերջին այցելության ընթացքում, որտեղ մոտավորապես ասել էր, որ իշխանության գալուց հետո էլ կրկին ԵԱՏՄ-ն չի հավանում, բայց պետք է շարունակեն աշխատել։

Կոնկրետ հարց եմ տալիս՝ եթե սխալ էր այն ժամանակ, ինչո՞ւ է այժմ այդ սխալը կրկնում։ Դավոսում ինչո՞ւ էր պարծենում ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններով»,-ասել է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը հիշեցրել է նաև նախկինում իր արտահայտած տեսակետը, համաձայն որի՝ չէր բացառել, որ իշխանափոխության հիմքում ընկած են Արցախի հարցի կարգավորման նոր մոտեցումները։

«Նիկոլ Փաշինյանը սիրուն «ջրեց» Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը՝ նշելով, թե Ադրբեջանն ասում է, որ նման բան չի եղել։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, իմ երկրի ղեկավարը փոխարենը հղում անի իր իշխանություններին, հղում է անում Ալիևին, այս ո՞ւր ենք հասել: Կարծում եմ՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և 1998 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության։ Մենք խաղաղությանը դեմ չենք, խաղաղություն մուրալուն ենք դեմ։ Երբ մեր արտգործնախարարն ասում է, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ խաղաղություն մուրալն է կատաստրոֆա: Իսկ Դուշանբեի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընկել է Ալիևի թակարդը. այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը և արտգործնախարարը հայատարարել էին, որ Արցախը չի կարող ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում, որին հաջորդում է այն, որ 2019 թվականը Արցախի հարցում պետք է լինի բեկումնային, և դրան ի պատասխան՝ հայկական կողմը ոչինչ չի ասում»,- ասել է Շարմազանովը։