ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, նշանակում է՝ նա արդեն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ։
Խոսելով Հայաստանի ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նոր իշխանությունների գործելաոճին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երանի եք տալու»։
Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում դարձել է «իզգոյ»՝ գրեթե ոչինչ, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այդ կառույցում կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը։
«Երբ այդ պաշտոնը կորցրեցինք, Փաշինյանը հայտարարեց, որ դա էական չէ, բա ի՞նչն է էականը՝ չպլանավորած հանդիպո՞ւմը Դավոսում։ Պարոն վարչապետը խոսում էր, որ երբեք այսքան փայլուն չեն եղել հայ-ռուսական հարաբերությունները, ես էլ որպես սովորական քաղաքացի՝ ասում եմ՝ ինչ լավ է, եթե այդքան փայլուն են, ուրեմն՝ գազը պետք է ոչ թե թանկանա, այլ էժանանա, ներդրումներն էլ Ռուսաստանից ավելանան, մեր երջանիկ կյանքն էլ Փաշինյանը կապահովի, բայց ի՞նչ եղավ, հունվարի 1-ից սահմանին գազը թանկացավ, սա՞ է լավ հարաբերությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ վարչապետը հերթական «խայտառակ» հայտարարությունն արել է Մոսկվա կատարած իր վերջին այցելության ընթացքում, որտեղ մոտավորապես ասել էր, որ իշխանության գալուց հետո էլ կրկին ԵԱՏՄ-ն չի հավանում, բայց պետք է շարունակեն աշխատել։
0Comments