Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը՝ Հայրինուսսա Գյուլը, կարծում է, որ ոմանք կարող են փորձել սպանել իր ամուսնուն, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Այնտեղ նշել էր, որ նախկին նախագահի կինը անվտանգության աշխատակիցներին հրահանգել է առավել ուշադիր լինել, հատկապես մանրակրկիտ ստուգել նրա մեքենայի սրահը մինչ Աբդուլլահ Գյուլի նստելը:
Թուրքիայի նախկին առաջին տիկինը, մասնավորապես, պնդել է, որ մեքենայի ներսում կասկածելի հոտ է հայտնվել, որը գազի արտահոսք է հիշեցնում: Ըստ նրա՝ Գյուլը մեքենայից դուրս գալուց հետո իրեն երբեմն թույլ է զգում, իսկ գազի հոտը օր օրի շատանում է: Հայրինուսսա Գյուլը նաև աշխատակիցների հետ խոսելիս շեշտել է, որ իր ամուսինը շատ ուշադրություն չի դարձնում նման բաների և կարող է կարևորություն չտալ խնդրին, սակայն ինքը լուրջ կասկածներ ունի, որ նրան կարող են փորձել սպանել:
Հատկանշական է, որ «Միլլիյեթ»-ում հրատարակված այս հոդվածը ջնջվել էր ժամեր անց: Նյութը, սակայն, հասցրել են արտատպել այլ լրատվամիջոցներ:
0Comments