Հունվարի 26-ի կարևոր լուրերը՝ մամուլից

ArmeniaDaily.am -ը ներկայացնում է

«Փաստ»-ը գրում է. «Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Հայտարարությունները համընկան պարգեւավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգեւավճարների շուրջ քննարկումների հետեւանքով: Դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում պարզապես քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով: Այնուամենայնիվ, այսպես կոչված, «պադավատների» ջարդը որոշակիորեն ստացավ դրական արձագանքներ: Վատ է, իհարկե, որ խնդրին անդրադարձը եղավ բացառապես պահի ազդեցության տակ՝ կրելով պոպուլիստական երանգ: Իսկ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան իշխանությունը հանձնել փողոցին ու դրա տարատեսակ խմբերին՝ հարմարվելով այդ խմբերի քմահաճույքներին: Կարճաժամկետ առումով գուցե հաջողի, բայց երկարաժամկետ հեռանկարում սա նշանակելու է կառավարության արդյունավետության ստորադասում փողոցին, ինչի հետեւանքներն ապագայում իրենց մասին խոսել կտան»:

«168 ժամ»-ը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի ոչ բարենպաստ դիրքորոշման պատճառով վերջին շրջանում լարվել են Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանի եւ վարչապետի հարաբերությունները: Եվ ահա Փաշինյանը նոր փորձություն է հնարել Հարությունյանի համար: Ինչպես հայտնի է՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կարեւոր տեղ է զբաղեցնում անցումային արդարադատության հակակոռուպցիոն հատվածը, որտեղ անդրադարձ կա երբեւէ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրություն ու վերլուծություն կատարելուն: Գործնականում սա նշանակում է, որ իշխանությունները վերջին 20 տարում պաշտոն զբաղեցրած անձանց կարող են հարցնել՝ որտեղից իրենց այդ գույքը, եւ պատասխանն անբավարար գնահատելու դեպքում՝ խլել այն»:

«Հրապարակ»-ը գրում է. «Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք: Բաղրամյան 26-ում է նստելու նաեւ «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ։ Հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաեւ Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչությամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում: Դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաեւ Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը։ Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը` Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տեղափոխվելու է Մաշտոցի 47»:

«Հրապարակ»-ը գրում է. «Դուք կարծես թե Շիրակ Թորոսյանի հարեւանն եք. ճի՞շտ է, որ հեղափոխության օրերին Դուք եւ Ձեր տիկինը՝ Գայանեն, որն այսօր «Իմ քայլի» Երեւանի ավագանու անդամ է, օճառ եք դրել Ձեր հարեւան Շիրակ Թորոսյանի դռան առաջ, ո՞նց եք հիմա զգում միմյանց «կողքին»` նույն ֆրակցիայում՝ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանին: «Խոսքը մայիսի 1-ի քվեարկությանը հաջորդած օրվա մասին է, երբ հասարակությունը մեծապես հիասթափված էր ԱԺ քվեարկության արդյունքներից, եւ մարդիկ իրենց բողոքի ձայնն արտահայտեցին ամենատարբեր մեթոդներով։ Ես այդ օրը փողոցում էի եւ իմ բողոքի ձայնն էի արտահայտում, իսկ մեր հարեւանները, որոնց թվում եղել է եւ իմ կինը, որպես հասարակական ճնշման-բողոքի քաղաքացիական քայլ, դիմել են այդ գործողությանը եւ որպես քաղաքացի՝ իրենց անհամաձայնությունն են հայտնել։ Ես դրա մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից եւ հպարտ եմ, որ իմ կինն ու հարեւանները քաղաքացիական դրսեւորում են հանդես բերել»: Բա հիմա դուք նույն ֆրակցիայում եք` նույն սայլին լծված` երկիրը փոսից հանելու գերակա նպատակայնությամբ. ո՞նց է լինելու։ «Դրանից ուղիղ մեկ շաբաթ անց պարոն Թորոսյանը մեկ այլ կերպ քվեարկեց նույն հարցին»,-հակադարձել է պատգամավորը:

«Հրապարակ»-ը գրում է. «Մարզպետի ու գյուղապետի վեճը ձեռնամարտի է հասել: Արագածոտնի մարզպետն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետին, ով փորձել է հակառակվել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն անիրատեսական է։

Բանն այն է, որ իրենց եւ աշխատակազմերը պարգեւատրելուց հետո մարզպետներն անցել են ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին։ Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ հավաքել գյուղացիների չվճարած պարտքերը, մինչեւ անգամ արտերկրից կանչել-բերել համագյուղացիներին, որպեսզի ժառանգության իրավունքով ճանաչեն հանգուցյալ հարազատների թողած սեփականությունը եւ վճարեն այստեղ թողած տների ու հողերի հարկերը։ Մեզ պատմեցին, որ այս թեմայով խոսելիս մարզպետն ու իր ենթական գրեթե ձեռնամարտի են բռնվել։

Ուջանի դաշնակցական համայնքապետը չափազանցված համարեց ձեռնամարտի մասին լուրերը, սակայն չհերքեց, որ վիճել են. «Դե, ինքը պահանջում է ապառքը հավաքել, ես էլ ասում էի, որ էդքան էլ հեշտ չէ։ Խոսքը հին հարկերի մասին է, որ մնացել ա ժողովրդից, դժվար ա հավաքելը։ Ինքն ասում է՝ ամեն գնով հավաքեք։ Ես էլ ասում եմ՝ դժվար ա, չի հավաքվում, ժառանգության խնդիրներ կան, ժողովուրդը՝ մեկը Ֆրանսիա ա, մեկը՝ Հոլանդիա, մենք էլ իրավունք չունենք վերցնենք էդ գումարները, թող կառավարությունը որոշում հանի, որ մենք իրավունք ունենանք»,-պարզաբանել է գյուղապետը։