Պետական կառավարման համակարգում 100 հազար աշխատող ուղղակի չկա. Միրզոյան

ԱԺ-ում 28 ավել պատգամավոր ունենալը մեր քմահաճույքով չէր, դա պարտադրում էր օրենքը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն տեղեկություններին, որոնց համաձայն պետական կառավարման համակարգում 100 մարդ կրճատվելու է:

Միրզոյանի խոսքերով կրճատման հարց դրված չէ, քանի որ պետական կառավարման համակարգում 100 հազար աշխատող ուղղակի չկա, անգամ դրա կեսն էլ չկա.

«Դրված է պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ, օպտիմալ դարձնելու հարց: Սրա արդյունքում կլինի որեւէ կառուց, որը կարող է նոր ստեղծվի, կլինի կառույց, որտեղ կարող է, պետք է ավելացնել աշխատակիցների քանակը կամ կտրուկ նվազեցնել: Այսի՞նքն կան մարդիկ, որ ուզում են հանրային ռեսուրսները հենց այնպես ծախսվեն, որ ինչ-որ նախարարությունում ինչ-որ մարդիկ գան, սուրճ խմեն ու գործ չանե՞ն: Սա՞ է ճանապարհը: Վստահ եմ, որ ոչ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովների թիվը 2-ով ավելացնելուն, Արարատ Միրզոյանն ասաց. «Հանձնաժողովների թիվը պայմանավորված չէ սոցիալական խնդիր լուծելով, իսկ ԱԺ-ում 28 ավել պատգամավոր ունենալը մեր քմահաճույքով չէր, դա պարտադրում էր օրենքը»: