Առավոտ թերթը գրում է.
Արցախի և ՀՀ-ի սահմանային իրավիճակում էական փոփոխություն չկա, հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈԻ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, կրակոցների բանակի նվազման միտում կա»,- հայտնեց նա:
Ինչ վերաբերում է փաստին, որ վերջերս Տավուշի հետ սահմանագոտու հատվածում Ադրբեջանն իր բանակային ստորաբաժանումները փոխարինել է սահմանապահ զորքերով, Արտակ Դավթյանը նշեց՝ Ադրբեջանը սահմանային իրավիճակում փոփոխություն չի մտցրել։ «Չեմ կարծում, որ կմտցնի: Իրավիճակի վրա այս պահին որևէ ազդեցություն չի ունեցել դա: Հետագայում մենք կողջունենք, եթե բանակցություններ սկսվեն: Այս պահի դրությամբ դա Ադրբեջանի կատարած փոփոխությունն է, որը միակողմանի է, իսկ մեր քայլերի մասին հայտարարելու կարիք չեմ տեսնում»,- ասաց ԳՇ պետը:
Անդրադառնալով Արցախում վերջերս տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ ՀՀ ՋՈԻ Գլխավոր շտաբի պետն ասաց. «Բոլոր փոփոխությունները միտված են նրան, որ Արցախի զինված ուժերում դրական տեղաշարժեր ապահովվեն: Մեր գործակցությունը շարունակվում է այնպես, ինչպես եղել է»,- վստահեցրեց նա:
Դավթյանը չմեկնաբանեց Լետն Մնացականյանի Արցախի պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնից ազատվելու փաստը: ԶՈԻ ԳՇ պետն անդրադարձավ նաև հարցին, թե ընթացիկ զորակոչում ինչպիսի ակտիվություն է գրանցվում ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերում։ «Քանակային առումով դեռ վաղ է գնահատականներ տալը, բայց այս պահի դրությամբ ցուցանիշները նույնն են, ինչպես և նախորդ զորակոչի ընթացքում: «Ես եմ» ծրագրին դիմել է 72. իսկ «Պատիվ ունեմ»-ին՝ 90-ից ավելի զինակոչիկ: Կան նաև դիմումներ, որոնք հանձնաժողովների կողմից քննարկումների փուլում են»,– տեղեկացրեց Արտակ Դավթյանը։
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում
0Comments