2019թ. շուրջ 1000 երեխայով ավելի կհաճախի մանկապարտեզ. հերթագրման խնդիրը կլուծվի փուլային եղանակով: Այս մասին նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ ներկայացնելով նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը եւ սպասվող արդյունքները:
«Մեր քաղաքի բնակիչների համար սա երեւի ամենասպասված լուրերից է, որովհետեւ, նախակրթարաններում հերթագրվածների թիվը 8 հազար է: Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երեւանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր խմբասենյակներ: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, որովհետեւ, ցավոք, մեր նախակրթարաններում մի շարք տարածքներ իրավական կամ առանց իրավական հիմքերի տրամադրված են տարբեր կազմակերպությունների: Եվ մեր առաջին աշխատանքներից էր գույքագրել, թե նախակրթարանների տարածքներից որքա՞նն է զբաղեցված եւ ի՞նչ նպատակով է օգտագործվում:
Այժմ սկսվել է մեծ գործընթաց. նախակրթարանները բեռնաթափել այն բոլոր կազմակերպություններից, որոնք առանց իրավական հիմքի գործում են նախակրթարաններում: Ցավոք սրտի, շատերը դժվարություններ են ստեղծում, սակայն օրենքի ուժով խնդրին կարողանում ենք լուծում տալ:
Ծրագրի առաջին պտուղները կքաղենք արդեն փետրվար ամսին, երբ մի շարք վարչական շրջանների նախակրթարաններում նոր խմբեր կբացվեն: Սա 2019-ի մեր առաջնային խնդիրներից մեկն է, որովհետեւ պետք է կարողանանք շուրջ 1000 երեխայի համար ստեղծել նոր խմբեր:
Ծրագրի փուլերի մասին
«Ծրագիրը կընթանա 3 փուլով: Առաջինը կմեկնարկի փետրվարին՝ Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Երկրորդ փուլը կլինի մայիսին, երրորդ փուլը՝ սեպտեմբերին:
Նշեմ, որ ընտրված են այն վարչական շրջանները, որտեղ ունենք ավելի շատ հերթագրված երեխաներ, նաեւ այն վարչական շրջանները, որտեղ այս ամիսների ընթացքում հնարավորություն ենք ունեցել ստեղծելու համապատասխան տարածքներ: Հավելեմ նաեւ, որ առաջին փուլի համար ընտրվել են այն տարածքները, որոնք չունեին վերանորոգման կարիք կամ ունեին մասնակի՝ կոսմետիկ վերանորոգման կարիք, որոնցում աշխատանքներն այժմ տարվում են: Ի ուրախություն մեզ, մեր երկրում կան մարդիկ, որոնք հանդես են եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել են իրենց ընկերությունների հաշվին նախակրթարաններին նվիրել գույք: Շատ կարեւոր է, երբ մարդիկ ձեռք են մեկնում համայնքին եւ ուզում են իրենց մասնակցությունն ունենալ այս գործընթացում: 2-րդ փուլի համար արդեն այսօր աշխատանքներ են տարվում գույքի, նաեւ որոշակի վերանորոգման նպատակով: Ինչ վերաբերում է 3-րդ փուլին, ապա այդ ժամանակ կունենանք ամբողջովին պատրաստի խմբասենյակներ»:
Ի՞նչ միջոցներով է իրականացվելու ծրագիրը
«Նոր խմբերի ձեւավորման ծախսերը, բնականաբար, ներառված են Երեւանի 2019թ. բյուջեում: Դա այն սահմանված գումարն է, որ տրամադրվում է նախակրթարաններին ամեն երեխայի համար: Ինչ վերաբերում է վերանորոգման ծախսերին. նշեմ, որ վարչական շրջաններն ու նախակրթարաններն իրենց բյուջեներում ունեն այն գումարը, որով կարողանան ըստ անհրաժեշտության այդ աշխատանքներն իրականացնել: Բայց, եթե ծրագրի 3-րդ փուլի համար ծագեն այլ խնդիրներ, ապա, գիտեք, որ փետրվարին ունենալու ենք բյուջեի լրամշակում, եւ այդ փուլում եւս հնարավորություն կունենանք ներառելու այդ ծախսերը բյուջեում:
Ծրագրի արդյունքների մասին
Կա քաղաքապետի հստակ հանձնարարական. տարիների ընթացքում կարողանալ հասնել խնդրի վերջնական լուծման, որովհետեւ ցանկացած ընտանիքում, որն ունի նախակրթարանի տարիքի երեխա, սա մի շարք խնդիրներ է լուծում: Մենք գիտենք բազում երիտասարդ ընտանիքներ, որոնք ունեն փոխկապակցված խնդիր եւ, քանի որ երեխան չի գնում նախակրթարան, ընտանիքի անդամներից մեկը ստիպված է լինում չաշխատել: Մեր նախաձեռնած գործընթացը կօգնի լուծել այս եւ մի շարք այլ խնդիրներ:
Նոր խմբերի բացմանը զուգահեռ՝ տարվա ընթացքում փորձելու ենք տարածքներ գտնել մանկապարտեզներում, որպեսզի 2020 թվականին խնդիրը որոշակիորեն մոտեցնենք լուծմանը:
Նախակրթարաններում հերթագրման թափանցիկության մասին
«Մինչեւ տարեվերջ կվերագործարկենք mankapartez.yerevan.am կայքը, որը լրամշակված տարբերակով հնարավորություն կտա ծնողներին անձամբ հետեւելու հերթագրման ընդհանուր շարժին: Սա արվել է մեր համաքաղաքացիների համար գործընթացն առավելագույն չափով թափանցիկ դարձնելու նպատակով»:
Հետագա ծրագրերի մասին
«Նախակրթարանները գտնվում են ուշադրության կենտրոնում: Ցավոք, մեր նախակրթարանների շենքային պայմանները բարվոք չեն, տարիների ընթացքում ոչ նպատակին են օգտագործվել, եւ մի շարք նախակրթարաններ ուղղակի սոսկալի վիճակում են, դրանք հիմնանորոգելու համար բավական մեծ բյուջե է պահանջվում: Հանձնարարել ենք վարչական շրջանների ղեկավարներին գույքագրել եւ ուսումնասիրել նախակրթարանները. ի՞նչ շենքային պայմաններ են եւ ի՞նչ խնդիրներ կան, որից հետո կհասկանանք, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ խնդրի վերջնական լուծման համար:
Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում չլուծված խնդիրը ոչ մի կերպ չի կարելի կապել Երեւանի բյուջեում փող չլինելու հետ, որովեհտեւ բյուջեն գրեթե նույն է, ինչ եղել է տարիներ շարունակ: Խնդիրը լուծելը զուտ կամքի եւ առաջնահերթության հարց է: Այսօրվա քաղաքային իշխանությունը, վստահեցնում եմ, այս խնդիրը լուծելու կամք ունի: Մենք գիտակցում ենք, որ, այո, նախակրթարանների 8 հազար հերթագրվածները քաղաքային իշխանության համար առաջնայիններից մեկն է՝ առաջնահերթությամբ չզիջելով մայրաքաղաքում առկա մի շարք այլ խնդիրների:
Հնարավոր այլ միջոցների ներգրավմամբ մանկապարտեզների խնդիրները լուծելու մասին
«Մենք փորձում ենք մեխանիզմներ մշակել ոչ միայն մանկապարտեզների, այլեւ հանրակրթական հաստատությունների համար: Պետք է մոտեցումները փոխվեն, պետք է ընտրվեն մարդիկ, որոնք լուրջ վերահսկողություն են իրականացնում դրամական շարժերին, որպեսզի դրանք օգտագործվեն ըստ առաջնահերթության եւ ըստ անհրաժեշտության: Երբ որոշակիորեն հասկանանք մոտցումները, կկարողանք խնդրին վերջնական լուծում տալ, իսկ ցանկացած նվիրատու բաց եւ թափանցիկ կերպով կկարողանա տեսնել թե ու՞ր է գնում իր նվիրատվությունը եւ արդյո՞ք իր գումարը նպատային է ծախսվել, թե՞ ոչ»:
Տոն օրերի առիթով հնարավոր դրամահավաքության դեպքերի մասին
«Մի շարք վարչական շրջաններում արդեն իսկ եղել են խորհրդակցություներ՝ վարչական շրջանների ղեկավարների, հանրակրթության վարչության պետի, վարչական շրջանում ոլորտի պատասխանատուների եւ նախակրթարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հստակ հանձնարարվել է աշխատել նոր մոտեցումներին համահունչ: Առաջնային հարցերից մեկը առնչվել է դրամահավաքության դեպքերին: Ի դեպ, այսօր էլ ստանում ենք մի շարք ահազանգեր, որ որոշ նախակրթարաններում իներցիայի ուժը դեռ չի սպառել իրեն: Այն նախակրթարանները, որոնցում կբացահայտվեն նման դեպքեր, ուզում եմ վստահեցնել, որ խնդիրը կլուծվի իրավական դաշտում: Վերջերս մի քանի շրջայցեր ունեցանք նախակրթարններում, որոնք, ինչպես տեսել եք, եղել են հետեւանքային: Մենք պետք է կարողանանք այս ընթացքում վարչական շրջանների համապատասխան բաժնի կարեւորությունը մեծացնել: Ցավոք, տարիների ընթացքում անմիջական ղեկավարի նշանակությունը հավասարեցվել է զրոյի եւ հարաբերությունները եղել են նախակրթարանի տնօրեն-ամենաբարձր պաշտոնյա մակարդակով: Կարեւորելով անմիջական ղեկավարի գործոնը՝ փորձելու ենք բարձրացնել եւ բարելավել աշխատանքային որակը: Առավել քան վստահ եմ, որ նոր առաջարկված խաղի կանոներն ընդունելի են բոլորի համար, որովհետեւ այդ կանոններում չկան ծանոթներ, բարեկամներ, հարեւաններ եւ այստեղ շահում են այն մարդիկ, որոնք աշխատում են օրենքի շրջանակում»:
Ի դեպ, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի բացառել, որ նախակրթարանները վճարովի կդառնան բոլորի համար: Առայժմ, Երեւանի հաշվառում ունեցող քաղաքացիների համար սահմանված է արտոնություն եւ վարձավճարը փոխհատուցում է համայնքը:
«Այս պահին չեմ կարող պատասխանել (մանկապարտեզը կմնա անվճար, թե չէ:- armtimes.com), բայց կարող եմ ասել՝ որ այսօրվա վճարման հիմունքները համարում եմ այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ: Անվճարը այո, ոչ այնքան էֆեկտիվ է, որովհետեւ այնուամենայնիվ բոլորս գիտենք, որ կան որոշակի ծախսեր, որ իրականացնում են ծնողները եւ դա օրինաչափ է դարձել, ու եթե այդ ասպեկտը իրեն դրսեւորում է ավելի արդյունավետ, ապա կարելի է նաեւ վերանայել»,- armtimes.com-ի փոխանցմամբ՝ ասել է Հայկ Սարգսյանը:
0Comments