«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, աղբի վարձավճարները գանձելը Երևանի քաղաքապետարանի համար շարունակում է գորդյան հանգույց մնալ: Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ պարզ դարձավ, որ աղբի վարձավճարները շարունակելու են հին ձևով հավաքել: Այսինքն, մի դեպքում վարչական շրջանի աշխատակիցը պետք է դուռը թակի ու աղբի գումար պահանջի, մյուս դեպքում՝ համատիրության աշխատակիցը: Ի դեպ, նախկինում համատիրություններն աղբի վարձը հավաքելու համար 10 %-ի չափով պարգևավճար են ստացել, ինչը հավանաբար կշարունակվի նաև հիմա:
Ու թեև ողջ հանրապետությունում վաղուց արդեն լուծված է կոմունալ վարձավճարների գանձման միասնական համակարգի հարցը, սակայն, չգիտես ինչու, քաղաքային իշխանություններն դեռևս չեն ցանկանում փոփոխությունների գնալ այս հարցում:
Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում նշեց, որ աղբի վարձի գանձմամբ պետք է Երևանի քաղաքապետարանը զբաղվի: Իսկ քանի որ վարչական շրջանները քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներ են, ուստի կարող են նաև նրանք գանձել:
«Այն համատիրությունները, որոնց աշխատակիցները այցելում էին բնակարաններ և սպասարկման վարձ էին հավաքում, նրանց խնդրել էին, որպեսզի որոշակի գումարի դիմաց աղբի գումարները նույնպես գանձեն: Բայց համատիրություններին այդ գործընթացում ներգրավելն օրինական չէ, քանի որ դա օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների իրավասությունների տիրույթում է գտնվում և իրենք պետք է այն իրականացնեն: Սա է հարցի իրավական մասը, բայց թե դրանից զատ ինչ են անում և ինչ չեն անում, դա արդեն այլ հարց է»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Պարզվում է, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը աղբի գումարները հավաքելու նորմալ համակարգ չի ձևավորել: Հարցին պետք էր կա՛մ բանկերի հետ պայմանավորվածության արդյունքում լուծում տալ, կա՛մ «Հայփոստի», բայց հավանաբար «քյաշ» հավաքված գումարներ ունենալու ճանապարհն ավելի է կարևորվել և այդպես էլ հարցին համակարգային լուծում չի տրվել:
«Հին իշխանությունների ժամանակ այդ համակարգը չստեղծեցին, քանի որ կանխիկ գումար էր հավաքվում, և հայտնի չէ, թե այդ գումարը համայնքային դրամարկղներ մուտքագրվո՞ւմ էին, թե՞ չէին մուտքագրվում: Եվ դա նախորդ իշխանությունների ժամանակ մնաց որպես թերություն: Եվ եթե հիմա, երբ քաղաքային նոր իշխանությունները ցանկանում են հին համակարգը շարունակել և նույն սկզբունքով աշխատել, շատ վատ է: Բացի այդ, քաղաքային իշխանությունները պետք է իմանան նաև, որ իրենց գործառույթը չպետք է համայնքների վրա բարդեն, քանի որ օրենքով և կանոնադրությամբ համատիրություններն աղբի գումարի հետ որևէ կապ չունեն»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Կազմակերպության ղեկավարի համար հասկանալի չէ նաև, թե ինչու Երևանի քաղաքային նոր իշխանությունները չեն ցանկանում կոմունալ վարձերի գանձման համակարգերում մեկ տող ավելացնել աղբի գանձման համար և դրանով հարցը փակել: Դրա փոխարեն որոշում են ընդունել գնալ հին, քարե դարի ճանապարհով:
«Դժվա՞ր է այդ հարցն այնպես կազմակերպել, որ երբ բնակիչը գնում է իր կոմունալ վարձը վճարելու, աղբի վարձն էլ հետը վճարի: Դժվար չէ, չէ՞: Նման համակարգ ձևավորելու դեպքում բոլորը կիմանային նաև, թե ամսական կամ տարեկան որքան գումար է հավաքվում և դրան համապատասխան ծառայություն կպատվիրեն:
Ներկայում «Սանիթեքին» հարցնում ենք՝ ինչու այս հարցը չեք լուծում, ասում են՝ մեր ծառայությունների գումարները չեն տալիս, այդ պատճառով հնարավորություն չունենք:
Բայց նման ձևով ինչքա՞ն կարելի է շարունակել: Ստացվում է, որ նոր իշխանությունները ոչ մի նոր ճանապարհով էլ չեն ուզում գնալ, մնացել են այն նույն ճանապարհի վրա, ինչ որ եղել է նախկինում: Այսինքն, հարց է ծագում՝ եթե ամեն ինչ պետք է հին ձևով շարունակվեր, ապա ինչն ենք ցանկացել փոխել, այն պարագայում, երբ մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում»,– ասաց Ա. Գրիգորյանը:
Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, կա նաև աղբի վարձավճարները մուծելու համար նախատեսված հաշվեհամար, սակայն այն գործում է, թե ոչ, կրկին պարզ չէ: Դրա մասին էլ պետք է քաղաքային իշխանությունները բարձրաձայնեն, բայց լռում են:
«Այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան: Լինում են դեպքեր, որ անգամ հավաքած գումարները տեղ չեն հասցնում, դա էլ իր հերթին է խնդիր առաջացնում: Այսինքն, ամենակարճ և քաղաքակիրթ տարբերակը ոչ թե մարդկանց, այլ բանկային համակարգերի միջոցով գումարներ գանձելն է: Եվ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ կոմունալ վճարները համակարգված ձևով հնարավոր է հավաքել, իսկ աղբինը՝ ոչ: Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում դա լուծել, կամ ինչո՞ւ տերմինալով հնարավոր է գույքահարկը մուծել, իսկ աղբի վարձը մուծել հնարավոր չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է Երևանի քաղաքապետարանը տա, բայց փաստորեն այն, ինչ եղել է նախորդ իշխանությունների թերացումը, նոր իշխանությունները շարունակում են նույն թերացումների ճանապարհով գնալ»,– ասաց Ա. Գրիգորանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
0Comments