Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ

Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ։ Պարզաբանման մեջ ասվում է. 

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի 
համագործակցում որևէ կուսակցության հետ:

Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն:

Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից»: