«Իր նոթատետրին ու գրչի՞ն է սպառնում, ինչ է»

Զախարովան արձագանքել է Բոլթոնի նոր սպառնալիքներին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ «Վենեսուելայում ժողովրդավարական ինստիտուտները խաթարողներին» ուղղված սպառնալիքները:

«Բոլթոնը սպառնացել է, որ «Վենեսուելայում ժողովրդավարական ինտիտուտները խաթարողները» հետևանքներ կունենան». իր նոթատետրին ու գրչի՞ն է սպառնում, ինչ է», - գրել է Զախարովան Facebook-ի իր պաշտոնական էջում՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած վերնագրերից մեկը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ համացանցում էր հայտնվել Բոլթոնի լուսանկարը, որում նրա ձեռքին նոթատետր է, իսկ դրա վրա գրված է «5000-անոց զորք դեպի Կոլումբիա»: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Բոլթոնը Սպիտակ տանը լրագրողների հետ խոսել է Վենեսուելայում ստեղծված ճգնաժամի մասին և բուռն քննարկումների տեղիք տվել:

Ավելի վաղ Բոլթոնը նաև սպառնացել էր այն երկրներին, որոնք չեն ճանաչում վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին որպես երկրի ղեկավար: Թրամփի խորհրդականը կրկին հայտարարել էր, որ նման դիրքորոշումը հետևանքներ կունենա:

Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմության առաջնորդ, երկրի խորհրդարանի խոսնակ, 35-ամյա Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ն ու դաշնակից պետությունները ճանաչել են Գուաիդոյի իշխանությունը: Սակայն Մադուրոն գտնում է, որ Գուաիդոն գործում է Վաշինգտոնի թելադրանքով ու պարզապես այդ երկրի «խամաճիկն» է:

Մադուրոյին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ պետություններ: