5 ԼՈՒՐ համառոտ՝ կարևորի մասին 07․02․19

Armeniadaily.am-ը ներկայացնում է

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է պրոֆեսոր Քենեթ Յալովիցը՝ անդրադառնալով մեր երկրում ընթացող զարգացումներին: «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինձ համար դրական ազդանշան էր, որ պայքարը հանուն ժողովրդավարության շարունակվում է: Այսօր պարոն Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում: Որոշ ժամանակ անց, սակայն, նա կառերեսվի քննադատության հետ: Ես հավատում եմ Փաշինյանին, բայց իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Շատ կարեւոր է, որ լինի ազատ մամուլ: Դրսում եղած Հայաստանի բարեկամները պետք է ուշադրությամբ հետեւեն այնտեղ ընթացող գործընթացներին եւ շարունակեն խրախուսել դրական զարգացումները»,-ասել է պրոֆեսորը:

 

Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով քաղաքական հետապնդման է ենթարկվում. վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Նա, մասնավորապես, ասել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատում այս դրույթին անդրադառնալու ենք: Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթ ունի, այն կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»,–ասել է Ալումյանը։ Հարցին՝ բացի ընտանիքի անդամներից և պաշտպաններից Քոչարյանին այլ մարդիկ այցելե՞լ են, նա պատասխանել է. «Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել, սակայն պարոն Քոչարյանը չի ուզում, որ ես մեկնաբանեմ այս հարցը»: Անդրադառնալով գործի ցուցմունքներին՝ Ալումյանը հայտնել է. «Կա մեկ ցուցմունք, որը մեր գնահատմամբ իրականությանը չի համապատասխանում, իսկ այդ մարդն իր այդ ցուցմունքից հետո բավականին բարձր պաշտոն է ստացել, ինչի համար շնորհավորում եմ»,- ասել է փաստաբանը՝ չցանկացավ նշել, թե ով է այդ մարդը: Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց մերժել երկրորդ նախագահի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

 

Հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք. Facebook-ի էջում գրել է վարչապետ Փաշինյանը: «Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին: Վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առանձնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին: Եւ այս առումով դինամիկան հուսադրող է»,-գրել է Փաշինյանը:

 

Փետրվարի 6-ին գործադիրը որոշել է մեկ տարով երկարաձգել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը՝ մինչև մրցույթի պայմանները հստակեցվեն: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է. որ մրցույթն անցկացվել է, և բուհերը ստացել են բազային ֆինանսավորում այս տարվա համար, ուստի առաջարկում են, որպեսզի կարգն այս տարվա համար պահպանվի հանձնաժողովի սահմանածով և կառավարության որոշմամբ։

 

«Բազային ֆինանսավորման համար նոր կարգ կառաջարկենք, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ առկա է մեծ բաց: Նոր կարգն արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է»,- նշել է նախարարը: «Մեր պահանջն այն է, որ բազային ֆինանսավորումը միշտ պահպանվի առանց մրցույթի: Այս պահի դրությամբ մեզ դա բավարարում է: Հունիսին ավելի պարզ կլինի»,-ասել է ԵՊՀ գիտաշխատող Վահրամ Մկրտչյանը, ով բողոքում էր ֆինանսավորման կասեցման հետևանքով գիտաշխատողների հնարավոր կրճատման դեմ:

 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնագիտական կարողությունները։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Կոստանյանը կարող է ծառայություններ մատուցել Հայաստանին։

 

«Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, ես պատրաստ չեմ, քանզի ինքը չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է»,- ասել է Սիմոնյանը։

 

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կոստանյանը քնացրել է Մարտի 1-ի գործը և սայլը տեղից չի շարժել, Սիմոնյանը հակադարձել է. Փաշինյանը նաև ասել է, որ այն քաղաքական կամքի գործ է եղել մշտապես։