Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

Մանրամասներ

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,
       
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ:

Այս տարի նշում ենք Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: Վստահ եմ, որ այս ընթացքում ձեռք բերված փորձը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական համագործակցության ողջ ներուժը և համալրելու երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով՝ բարձրացնելով հայ-լեհական համագործակցությունը որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ ջանքերով խթանելու ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդլայնվող օրակարգի զարգացումը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։