Քանի որ հարցերը շատ են, պարզաբանեմ․ դրույքաչափի փոփոխությունը և փոփոխված դրույքաչափով հավելավճարի հաշվարկը տարածվում է նախորդ տարի կամավոր ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների վրա՝ այս տարվա մայիսի մեկից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Սա նշանակում է, որ արդեն մայիսի մեկից 478 ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի մեկ դրույքը 200 հազար դրամի չափով, որի նկատմամբ կհաշվարկվի նաև հավելավճարը, 30 տոկոսը՝ 60 հազար դրամի չափով, 40 տոկոսը՝ 80 հազար դրամի չափով, 50 տոկոսը՝ 100 հազար դրամի չափով։ Հիշեցնեմ, որ սա մեկ դրույք զբաղվածությամբ գումարի չափերն են։
Գիտեմ, որ ունենք ուսուցիչներ, որոնք թե՛ կամավոր ատեստավորման հավելավճար են ստանում, թե՛ տարակարգի, նրանց համար արդեն մայիսի մեկից կգործի տարակարգի հավելավճարի նոր չափը՝ 200 հազար դրույքաչափի նկատմամբ։
Անուններ չբացահայտելով՝ գիտեմ, որ ունեինք ուսուցիչ, որ ընդհանուր առմամբ 70 տոկոս հավելավճար էր ստանում՝ տարակարգի և կամավոր ատեստավորման հավելավճարների համադրմամբ, մայիսի մեկից այս ուսուցչի աշխատավարձը կհաշվարկվի արդեն 200 հազար դրույքաչափով ու դրա 70 տոկոս հավելավճարով։ Լրիվ դրույք զբաղվածության դեպքում դա 340000 դրամ է կազմում։
Այս տարվա գործընթացին կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները։ Դիմումների ընդունումը կսկսվի մայիսից։ Հայտարարությունն առաջիկայում կհրապարակենք նախարարության կայքում»,- գրել է Անդրեասյանը:
0Comments