Դավիթ Շահնազարյանը հնարավոր է համարում իրավիճակի կրկնությունը Ղազախստանում. Տարօրինակ է, որ Տոկաևն այլևս ՀԱՊԿ-ի օգնության կարիքը չունի

Մանրամասներ

ա

Ղազախստանի իշխանության` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը սկսելու որոշումը շատ տարօրինակ ու զարմանալի է թվում։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԱՊՎ նախկին ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, Ղազախստանը, որը մինչև վերջերս թվում էր կայուն զարգացող, տնտեսապես հաջողակ, բազմավեկտոր ու արդյունավետ արտաքին քաղաքականություն վարող, հաշված օրերի ընթացքում հայտնվեց պետականության փլուզման եզրին, եւ խաղաղապահներ մտցնելու որոշումը փաստացի ուղղված էր երկրի հետագա փլուզման կանխարգելմանը։

«Եվ հիմա հանկարծ հայտարարվում է հունվարի 13-ից խաղաղապահների դուրսբերումը սկսելու մասին։ Ի՞նչ է, Տոկաևն արդեն ամբողջությամբ տիրապետո՞ւմ է իրավիճակին։ Արդեն վերահսկո՞ւմ է իրավիճակը։ Նախկինում խոսում էր 20 հազար ահաբեկիչների հարձակման մասին։ Արդեն ի վիճակի՞ է ինքնուրույն ապահովել երկրի կայունությունը։ Դեռ հունվարի 5-ին նա չէր տիրապետում իրավիճակին՝ ունենալով ավելի քան 70-հազարանոց բանակ, ազգային գվարդիա և այլ ուժային կառույցներ»,- ասաց Շահնազարյանը։

Նա նշեց, որ իրավապահները ձերբակալել են անկարգությունների շուրջ 10 հազար մասնակցի. «Այսինքն` եթե ելնենք Տոկաևի նշած թվից (20 հազար ահաբեկիչ), ապա նրանց կեսը ազատության մեջ է, իսկ եթե ավելացնենք նաև ձերբակալվածների հարազատներին, ապա կարելի է խոսել առնվազն 70-80 հազար ագրեսիվ տրամադրված զանգվածի մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ սա արդեն առիթ է, որ լրջորեն մտածեն անկարգությունների կրկնության մասին: