Միհրան Պողոսյանի էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում, և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:
Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
13.04.2019 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում
0Comments