Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է: Այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալները:
«Կարագի շուկայում մի փոքր գների նվազում կա, շուկան սկսել է կարգավորվել: Կորոնավիրուսի պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրները դեռևս չեն վերացել, սակայն կայունություն է նկատվում: Օրինակ, եթե մայիսի 27-ին 1 կգ «Նոր զելանդական»-ը եղել է 4420 դրամ, ապա ներկայումս 4380 դրամ է»,-ասաց Գևորգյանը:
Հավի մսի շուկայում գները տատանվել են 1320-1450 դրամի շրջանակում: Հիմա գների բարձրացում կա մինչև 1490-1510 դրամ: Ըստ Գևորգյանի՝ հավի մսի շուկայում խնդիրները շարունակում են մնալ: Նույնիսկ քվոտաների կիրառումը չի օգնում: ՀՀ-ն հիմնական ներմուծում անում է Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից: «Ամբողջ աշխարհում մսի ծավալների ներմուծման ծավալների էական կրճատում է եղել: Նույնիսկ մեր ԵԱՏՄ գործընկերները, որոնք ավանդաբար եղել են հավի մեծ պաշարներ ունեցող շուկաներ, հիմա փորձում են քվոտաներ կիրառել, որ վիճակը կարգավորվի»,-ասաց նա՝ հավելելով, որ տեղական թռչնամսի շուկայում ՀՀ-ն ունի լուրջ պոտենցիալ:
Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա դրա բարձր գինը պահպանվում է:
«Եթե կգ-ով շաքարավազը մայիսին եղել է 390-391 դրամ, ապա հիմա 400 դրամին մոտ է:ՀՀ-ում այս տարի շաքարավազ չի արտադրվել՝ կապված հումքի ներմուծման խնդիրների հետ: Անցյալ տարի քվոտավորված շաքար ներմուծեցինք ՀՀ, որի արդյունքում մի պահ գինն իջել էր: Սակայն այդ քվոտավորված շաքարն էլ ԵԱՏՄ-ում բաշխվում է, անսահմանափակ չէ»,-ասաց ՄՊՀ նախագահը:
Հիմնական երկիրը, որտեղից Հայաստանը շաքարավազ է ներմուծում ՌԴ-ն է, որը նույնպես շաքարավազի խնդիր ունի:
Ըստ Գևորգյանի՝ ձեթի գինը վերջապես սկսել է մի փոքր իջնել: Ընդ որում, սա այն ապրանքային շուկան է, որտեղ գների բարձրացումն ամենաշատն է:
Եգիպտացորենի շուկայում տեղի էր ունեցել մեծ ճգնաժամ, որի պատճառով ձեթի գները բարձրացել են: Ընդ որում, տարբեր մեխանիզմներով փորձ է արվում գները կարգավորել: «Մայիսից դեկտեմբեր հատվածում ձեթի գնի մոտ 300 դրամ նվազեցում է տեղի ունեցել, բայց այդ նվազեցված գինը, կարծում եմ, շուկայի կարգավորման, կորոնավիրուսի հետևանքների վերացման արդյունքում էլ ավելի կիջնի»,-ասաց ՄՊՀ նախագահը:
Ալյուրի շուկայում բարձրացումը պահպանվում է, մայիսի նկատմամբ կիլոգրամով ալյուրի գինը մոտ 20 դրամով բարձրացել է:
0Comments