ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու մասին «Հայաստան» խմբակցության նախագծին։
«Ազգային ժողովի նախագահի հարցում իշխանությունը միասնական է։ Եվ ընդդիմությունը որքան էլ փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով՝ տարատեսակ անպատեհ կամ աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերելով, բնականաբար իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու։ Շատ հետաքրքիր էր լսել, որ Հայաստանը միջազգային հարթակում անհարմար վիճակի մեջ դնելուց խոսում է մի ուժի ներկայացուցիչ, որի առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, ռուսական լրատվամիջոցների հետ տարբեր հարցազրույցներում արել է հայտարարություններ, որոնք բնորոշ են ադրբեջանական լոբբիստներին։ Նա փաստացի ՀՀ-ին մեղադրել է պատերազմն սկսելու կամ պարտադրելու, անխուսափելի դարձնելու մեջ։ Դրանից ավելի ՀՀ արտաքին շահերին վնասող հայտարարություններ շատ դժվար է գտնելը։ Սա փաստում է, որ Հայաստան խմբակցության պատգամավորները ոչ թե սպասարկում են ՀՀ պետական շահը, այլ կախվում են ցանկացած փրփուրից, որպեսզի Հայաստանում գեներացնեն կամայական քաղաքական օրակարգ»,- ասաց Ալեքսանյանը։
«ՔՊ» խմբակցության պատագամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նշեց․ «Ես կարծում եմ՝ մենք շատ ավելի կարևոր հարցեր ունենք քննարկելու։ Եվ այդ հարցերն անընդհատ դոփում են տեղում այն պատճառով, որ մեր ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է անհասկանալի գործողություններ, պերֆորմանսներ ու շոուներ բեմադրելով։ Եվ այս նախագիծն օրակարգ բերելն էլ հենց այդ շոուների շարքից է։ Համենայնդեպս ես իմ մասով չեմ պատրաստվում կողմ քվեարկել՝ այդ նախագիծն օրակարգ մտցնելու համար»։
0Comments