Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ Կարապետյանը նշեց, ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երևույթ է պարունակում, քանի որ շուկայում առկա գոյություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել գովազդել իրենց և ճանաչում ձեռք բերել, իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նոր են մուտք գործում շուկա, հետագայում չեն ունենա այդ հնարավորությունը և մրցակցային անհավասար պայմաններում կհայտնվեն։
«Հանձնաժողովը արձանագրել է, որ, այո, սա կունենա ազդեցություն մրցակցային շուկայական իրավիճակի վրա բացասական առումով։ Գովազդի շուկայի մասով հանձնաժողովը ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքները և պարզ է դառնում, որ գովազդի շուկան ևս կտուժի։ Շուկայի եկամուտը ապահովում էին հենց բուքմեյքերական 4 ընկերությունները, որոնք գործունեություն էին ծավալում շահումով խաղերի ոլորտում, և տվյալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները արգելվելու դեպքում, հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի և արտաքին գովազդի առումով շուկան կտուժի մոտ 1 միլիարդ 680 միլիոն դրամի չափով»,- ասաց Կարապետյանը՝ հայտնելով, որ հաշվարկը հիմնված է 2019 թվականի տվյալների վրա։
0Comments