Երևանից 140 կմ ճանապարհ կտրեցինք՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ հասնելու և, ինչպես համագյուղացիներն են ասում, մանկությունը պատերազմին զոհաբերած բացառիկ աղջնակին տեսնելու համար։ Գուցե, 44-օրյա պատերազմից հետո Ազատուհին միակը չէ, որ մանկություն է կորցրել, բայց այն, ինչ տեսանք, տպավորիչ էր։
Ազատուհին մոր, 2 քույրերի ու 3 եղբայրների հետ Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում էր ապրում։ Սեպտեմբերի 27-ին շատերի նման նա էլ գյուղից տարհանվեց՝ պատերազմ էր սկսվել։ Տեղավորվեցին Վարդենիկում, տատի կիսախարխուլ տանը։ Դեռ չգիտեր՝ դժվարությունները նոր էին սկսվում։
Մինչ կհասցնեինք զարմանալ, որ 12-ամյա աղջնակը հողի հետ աշխատանք է տանում՝ մեծի պես ու մեծին հավասար, կողքից հարևանները շտապում են ամբողջացնել աշխատանքների այն ցանկը, որ Ազատուհին կարողանում է անել։ Օրինակ, ասում են, Ազատուհու քաշած պանիրն անչափ համեղ է։
Ազատուհին ճաշերն էլ է համով սարքում, կողքից արձագանքում է փոքրիկ քույրը՝ Ժաննան։
Մայրը հաճախ է ստիպված լինում երեխաներին մենակ թողնել ու Ստեփանակերտ՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայող որդու մոտ գնալ։ 9-ամյա քույրիկի ու 11-ամյա եղբոր համար մայրիկի բացակայությունը Ազատուհին է լրացնում։ Ի դեպ՝ մայրը Ստեփանակերտից, տատիկն էլ՝ Ռուսաստանից նոր էին վերադարձել։ Տունը լցվել էր, իսկ մայրիկին դիմավորելու համար Ազատուհին հատուկ էր պատրաստվել։
Ազատուհին ամեն օր է 6-ից արթնանում, որ մինչ դպրոց գնալը տան գործերը հասցնի։ Իսկ հասցնում է ամեն ինչ, պարզվեց՝ քիչ, բայց նաև խաղերին է ժամանակ մնում։ Սիրով մուլտեր ու ֆիլմեր կդիտեր, եթե հեռուստացույցն աշխատեր։
Արցախում ընտանիքը մեծ ու հարմարավետ տանն էր ապրում․ տարիներով աշխատել էին, կարողացել տուն ստեղծել։ Չէին դժգոհում՝ աշխատանքն էլ կար, ապրուստի միջոցն էլ, մինչև որ սեպտեմբերի 27-ը եկավ։
Հազարավոր երեխաների մանկությունը, շատերի դեպքում՝ նաև ծնողներին խլած պատերազմի հետքերն անջնջելի են։ Դառը հիշողությունները հաղթահարել, իհարկե, փորձում են, բայց, օրինակ, Ազատուհու համար բաղձալի այդ օրը հեռու է թվում։ Երեխաները չեն դադարում երազել, որ մի օր նորից իրենց սեփական տունը կունենան՝ քարից սարքած, կոկիկ ու հարմարավետ, և հրաժեշտ կտան կիսախարխուլ ու խոնավ կացարանին։
Երբ նկարահանումներն արդեն ավարտում էինք, Ազատուհին ներողություն խնդրեց, ասաց՝ պետք է գնա արդեն։ Մտածեցինք՝ խաղալու է գնում, մայրիկը եկել էր, գործը՝ թեթևացել։ Բայց սխալվեցինք՝ գնում էր անասուններին տուն բերելու, հետո էլ կով էր կթելու։
Մանրամասները՝ Factor.tv-ի տեսանյութում։
Սաթենիկ Հայրապետյան
0Comments