Ռուսաստանում արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդն իրականում գտնվում է Ղազախստանում և արջի կողմից հարձակման չի ենթարկվել, հաղորդում է Daily Mail-ը:
Ռուսաստանի հեռավոր՝ Մոնղոլիային սահմանակից Տուվա շրջանում, փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել, որը, ինչպես հաղորդվել էր, մեկ ամիս շարունակ եղել է որջում:
Հաղորդվել էր նաև, որ Ալեքսանդր անունով տղամարդը եղել է գրեթե մահամերձ վիճակում, երբ նրան գտել են:
Այսօր, սակայն, համացանցում լուրեր են տարածվել, որ տղամարդն իրականում գտնվում է Ղազախստանում և վայրի գիշատչի կողմից հարձակման չի ենթարկվել:
Ռուսական EADaily լրատվական գործակալությունը դրամական պարգև է առաջարկել բոլոր նրանց, ովքեր կկարողանան Ալեքսանդր անունով մարդու ինքնության վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:
Սակայն Տուվայի բոլոր հիվանդանոցները, որտեղ, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել հարձակումը, այժմ հերքում են, որ նման հիվանդ են ունեցել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանում անհայտ կորածների որոնման խումբը պնդում է, որ տեսանյութի հերոսը վերջերս տեղափոխվել է Ղազախստանի Ակտոբե քաղաքի հիվանդանոց: Իսկ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Տուվայի Հանրապետության մայրաքաղաք Կըզըլի և Ակտոբեի հեռավորությունն ավելի քան 2574 կմ է:
Խմբի տվյալներով՝ Ալեքսանդր անունով տղամարդը ծագումով Ակտոբեից է և արջի կողմից հարձակման չի ենթարկվել:
«Մենք ստուգել ենք հիվանդանոցները (Ակտոբեում) և խնդրել նրանց օգնել մեզ: Ադյունքում պարզվել է, որ այդ տղամարդը մեր քաղաքից է (Ակտոբե- tert.am): Նա բուժում է ստանում տեղի հիվանդանոցներից մեկում, և նրա վիճակը բարելավվում է»,- ասված է խմբի հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ բուժհաստատությունից դեռևս պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը: Ի դեպ, հիվանդի վնասվածքների բնույթի վերաբերյալ տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում:
0Comments