Փորձությունները մեր ընտրության արդյունք կարող են լինել. Աստված ճանաչում է մեզ ավելի, քան մենք ինքներս

Միակ Արդարը կանգնած է քո առաջ՝ ձեռքերը պարզած, պատրաստ քեզ իր գիրկն առնելու

ա

Երբ շատ անգամներ չենք կարողանում գտնել որևէ պահի մեզ հետ կատարված տհաճ միջադեպի բացատրությունը, սկսում ենք նեղսրտել և ասել՝ այդպես արդար չէր, քանի որ ես արժանի չէի դրան։ Այդպիսով մենք մեզ դիրքավորում ենք որպես ամենաարդարը, մեկն, ով տեսնում է ամեն բան մեկ աստիճան վերից և կարող է կարծիք հայտնել եղածի մասին՝ չափելով իսկության արդարությունն ու անարդարությունը։

Այդկերպ մոռանում ենք, որ միակ Արդարն Աստված է։ Մենք մեր ներքին արդարության աստիճանին հասնում ենք հենց Նրա՝ Տիրոջ հետ հարաբերությամբ, և երբ կարծում ենք, թե մենք իսկապես արդար էինք, և մեզ անարդարությամբ ուղարկվեց որևէ փորձություն, եկեք նախ ինքներս մեզ հարցնենք՝ արդյո՞ք փորձությունները տրվում են միայն մեղավորներին ու անարդարներին։ Պատասխանն, անշուշտ, բացասական է։

«Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, անձրև է բերում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45),- ասված է Ավետարանում։ Եվ այս հատվածը մեզ հուշում է, որ ինչպես չարերն ունեն հնարավորությունը՝ վայելելու Աստծո սերը, այնպես էլ արդարներն անմասն չեն մնա Աստծո ուղարկած անձրևից՝ փորձություններից։ Եվ բողոքելով, թե «եղածն իմ հանդեպ անարդար է, քանի որ ես արդար եմ», ուրիշ ոչինչ չենք անում բացի հպարտության մեծագույն մեղքը գործելուց։

Աստված ճանաչում է մեզ ավելի, քան մենք ինքներս։ Նա չի տանում մեզ հարկադրված հարմարավետության, այլ տալիս է մեզ հնարավորություն ընտրություն կատարելու բարու և չարի, լույսի և խավարի միջև։ Փորձությունները մեր ընտրության արդյունք կարող են լինել: Փորձությունների մեջ է, որ ամրանում է մեր հավատը, դրանք հաղթահարելու ուղին է, որ մեզ մոտեցնում է Աստծուն։

Կարիք չկա փնտրել արդարություն, երբ միակ Արդարը կանգնած է քո առաջ՝ ձեռքերը պարզած, պատրաստ քեզ իր գիրկն առնելու։ Միակ անհրաժեշտությունն Արդարին տեսնելը և դեպի Նա գնալն է։ Եվ զուր է դժգոհել Աստծո գործած արարքներից՝ ակնկալելով միայն բարեկեցություն և երբեք՝ փորձություններ․ չէ՞ որ այդպիսով մեկ քայլ ետ ենք գնում մեր հավատի մեջ։

qahana.am