Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։
Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։
Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։
Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։
Մեզ պետք է մշակել այդ բանաձևը Հայաստանի ներսում և արտաքին աշխարհի համար ընկալելի դարձնելու մեխանիզմները։Եվ սա պետք է անել հնարավորինս արագ։
Չի կարելի վարժվել այն բանին, որ երկրի օրը սկսվում է պատերազմով և զոհերով, չի կարելի վարժվել, որ ողջ օրը պետության առաջին դեմքերը ձայն չեն հանում, չի կարելի վարժվել այն մտքին, որ այլևս ուշ է ու ոչինչ անել հնարավոր չէ։
Գործող իշխանության ղեկավարը ցուցադրական համառությամբ անընդհատ շեշտում է ժողովրդից ստացած քվեն՝ որպես իրեն տրված մանդատ՝ պատմական հարցեր լուծելու։ Սա, մեղմ ասած, կիսաճշմարտություն է։ Քարոզարաշավը եղել է մուրճի, թալանի և վենդետաների շուրջ, և որևէ, կրկնում եմ, որևէ խորքային քննարկում չի եղել Կովկասյան նոր ճարտարապետության և այս համատեքստում Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ։
Հայաստանում այսօրվա փակուղուց դուրս գալու բանալին «Արժանապատիվ խաղաղության» բանաձևի մեջ է, ինչը ենթադրում է բանաձևի էվոլյուցիոն զարգացում դեպի ծրագիր և հանրային թիմեր, որոնք պատկերացնում են դա որպես գաղափար և ունակ են իրականացնել։ «Արժանապատիվ խաղաղության» գաղափարը որպես ծրագիր և ճանապարհային քարտեզ թերևս նաև միակ կոնսոլիդացիոն գաղափարն է, որը կարող է միավորել ծայրաստիճան պառակտված հասարակությանը։Հակառակ դեպքում իրար դեմ պայքարի պրոցեսը սահուն կարող է վերածվել Հայաստանի դեմ պայքարի։
0Comments