Քաղաքացիական պատերազմի վտանգի մասին Մակրոնին նամակ հղած գեներալները պատասխանատվության կենթարկվեն

Իրավիճակ

ա

Ֆրանսիայում պահեստազորի գեներալները, որոնք «երկրի փլուզման» մասին բաց նամակ են հղել նախագահ Էմանուել Մակրոնին, կկանգնեն ռազմական խորհրդի առջև և կարող են հեռացվել ծառայությունից, Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրը, փոխանցում է ria.ru-ն։

Լեկուանտրը նամակը ստորագրողների դեմ միջոցառումները համարել է «բացառիկ ընթացակարգ», որը ձեռնարկվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պահանջով։

«Այդ գեներալները անհատական կարգով կկանգնեն բարձրագույն զինվորական խորհրդի առջև։ Այդ ընթացակարգից հետո նախագահը (կանոնների համաձայն) կստորագրի նրանց ծառայությունից հեռացնելու մասին որոշումը», - հայտարարել է նա։

Շտաբի պետը նաև նշել է, որ ստորագրողների մեջ արդեն հայտնաբերվել են 18 գործող զինծառայողներ, որոնցից 4-ը սպաներ են: Նրանց կարգապահական պատասխանատվության կենթարկեն։ Այժմ քննարկվում է պատժի աստիճանը, որը կկիրառվի նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։

Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետի խոսքով՝ հիշյալ նամակը չի արտացոլում զինված ուժերում առկա տրամադրությունները:

Ավելի վաղ Valeurs Actuelles հրատարակությունը հրապարակել էր պաշտոնաթող գեներալների խմբի՝ պետության ղեկավարին հղած դիմումի տեքստը: Մի քանի հազար զինվորականների ստորագրած փաստաթղթում խոսվում է Ֆրանսիայում ռասայական պատերազմի մասին, որը կարող է հանգեցնել երկրի կործանմանը: Սպաները նաև նշել են, որ իսլամիստները սկսել են իրենց կարգերը հաստատել հանրապետության տարբեր մասերում։